ԱՄՆ-ի ծրագիրը նվեր է Բաքվին, այլընտրանքը Աբխազիայով երկաթգիծն է. Քոչարյան
Լուսանկարը` sputnik
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը TV5-ի եթերում խիստ քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների հովանավորությամբ քննարկվող տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը՝ առաջարկելով ապաշրջափակման այլընտրանքային ուղի։
Նախկին նախագահը համոզմունք է հայտնել, որ իշխանությունների կողմից որպես ինքնիշխանության երաշխիք ներկայացվող ծրագիրն իրականում «ամերիկյան նախագիծ է Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար»։ Ըստ նրա՝ պնդումները, թե այդ ծրագիրը 99 տարով կերաշխավորի երկրի անվտանգությունը, իրականության հետ աղերս չունեն և ավելի շուտ հոգեբանական, քան քաղաքական տիրույթում են։
Քոչարյանը կասկածի տակ է դրել նախագծի տնտեսական արդյունավետությունը՝ շրջանառվող 9 միլիարդ դոլարի ներդրման մասին խոսակցությունները որակելով մանիպուլյացիա։ Նրա հաշվարկներով՝ ենթակառուցվածքների, այդ թվում՝ ճանապարհի, երկաթգծի և կապուղիների անցկացման համար պահանջվող իրական գումարը չի գերազանցում 100 միլիոն դոլարը։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ նման պայմաններում Երևանը կորցնում է իր աշխարհաքաղաքական և տնտեսական լծակները՝ դառնալով կիսակողմ մասնակից մի նախագծում, որն ըստ էության ԱՄՆ-ի նվերն է Ադրբեջանին՝ հայ ժողովրդի հաշվին, հատկապես երբ Թուրքիան արդեն իսկ կառուցում է Կարս-Նախիջևան երկաթգիծը։
Որպես Բաքվից կախվածություն չենթադրող իրական այլընտրանք՝ Ռոբերտ Քոչարյանը մատնանշել է Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնման անհրաժեշտությունը։ Նա հիշեցրել է, որ Երևան-Թբիլիսի-Սոչի-Մոսկվա երթուղին 600-700 կիլոմետրով ավելի կարճ է, քան Ադրբեջանով անցնող ճանապարհը, և ձեռնտու է բոլոր խոշոր խաղացողներին, այդ թվում՝ Ռուսաստանին և Թուրքիային։
Երկրորդ նախագահը պատմել է, որ դեռ 2003 թվականին անձամբ բանակցել է Էդուարդ Շևարդնաձեի և Վլադիսլավ Արձինբայի հետ, և հարցը լուծման փուլում էր, սակայն կասեցվել է Վրաստանում իշխանափոխության պատճառով։ Քոչարյանի կարծիքով՝ այս ուղղությամբ չաշխատելը հանցավոր անգործություն է, քանի որ աբխազական երթուղին Հայաստանին կտար ազատության մեծ աստիճան և կամրապնդեր դիրքերը Ադրբեջանի հետ բանակցություններում։