Օգոստոսից սահմանի բոլոր տեղամասերի ազատ հասանելիություն ունենք. ԵՄ առաքելության ղեկավար
Մենք մեր դիտարկումների մասին չենք զեկուցում հանրությանը կամ Հայաստանի կառավարությանը. այն ամենը, ինչ տեսնում ենք, հաղորդվում է Բրյուսելում գտնվող գլխավոր գրասենյակին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական մոնիթորինգի առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, գրում է news.am-ը:
«Եթե նկատում ենք կրակոցներ, մենք հաղորդում ենք դրա մասին:
Եղել է դեպք, երբ դիտորդներին թույլ չեն տվել մոտենալ սահմանին՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ: Այդ ժամանակ ռուսական զինված ուժերը խոչընդոտել են մեզ իրականացնել մեր աշխատանքն այդ տարածքում: Սակայն դա ավարտվել է անցյալ օգոստոսին, երբ ռուսական սահմանապահ զորքերը հեռացել են: Այդ ժամանակվանից մենք ազատ մուտք ունենք այնտեղ, որտեղ ուզում ենք:
Առաքելության վերաբերյալ որոշակի ապատեղեկատվություն ի հայտ է գալիս երրորդ կողմից:
Ընդ որում, ապատեղեկատվության հավանականությունը ցածր է, քանի որ մենք հաղորդում ենք միայն այն, ինչ տեսնում ենք: Մենք չենք հիմնվում որեւէ կողմից տարածվող տեղեկատվության վրա. մենք հաղորդում ենք միայն այն, ինչ ինքներս ենք տեսնում»,- նշել է Ռիտերը: