29.03.2024
Հույսեր + մեծ ամբիցիաներ հավասար է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ջանելիձեի այցը. Ի՞նչ են ակնկալում Վրաստանն ու Հայաստանը միմյանցից

Վրաստանն ինքը ներդրումների կարիք ունի, եւ մեծ գումարներ չունի, որ կարողանա ներդնել Հայաստանում, մասնավորապես՝ հայ-իրանական սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտում: Այս մասին ասաց «Մեդիա կենտրոնի» ապրիլի 12-ին «Վրաստանի ԱԳ նախարարի այցը Երևան. դիտարկումներ հայ-վրացական հարաբերությունների շուրջ» թեմայով քննարկմանը տեսազանգի միջոցով միացած «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Գերոգի Կանաշվիլին:


Ապրիլի 11-12-ին կայացավ Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի այցը Երևան, որի ժամանակ նա հանդիպումներ ունեցավ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող տարաբնույթ հարցեր: Դրանք վերաբերում էին Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներին, Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի ձեւավորմանը, ինչպես նաեւ կողմերը կարեւորել են Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչպես նաև առաջիկայում Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրերի անցկացումը:


Ըստ պաշտոնական մամուլի հաղորդագրության, ՀՀ վարչապետն ու Վրաստանի ԱԳ նախարարը ապրիլի 11-ին կայացած հանդիպմանը համակարծիք են եղել, որ նման նախաձեռնություններն արդյունավետ հարթակ կլինեն երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ծանոթանալու և դրանք ավելի հասանելի դարձնելու առումով:


Կանաշվիլիի խոսքով, Իրանը Վրաստանի համար, իհարկե, մեծ կարեւորություն է ներկայացնում: «Այս իմաստով Հայաստնը կարեւոր է Վրաստանի համար որպես դեպի իրանական շուկա դուրս գալու հարթակ: Սակայն չեմ կարծում, որ Վրաստանից Հայաստան, թեկուզ նշված ազատ տնտեսական գոտի մեծ ներդրումներ գան, քանի որ Վրաստանն ինքը ներդրումների կարիք ունի: Դրանք մեր երկրների խնդիրներն են։ Մենք ինքներս ենք ներդրողներ ներգրավում, քանի որ եթե Վրաստանը փող ունենար, մեր միջոցներով հյուրանոց կամ գործարան կկառուցեինք, այլ ոչ թե ուրիշներին կներգրավեինք: Թեպետ որոշ ուղղություններով հնարավոր են համատեղ ծրագրերի իրականացում, սակայն մեծ ներդրումների մասին դժվար խոսք լինի», - ասաց փորձագետը:


Քննարկմանը մասնակից Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը հիշեցրեց, որ Վրաստանի ԱԳ նախարարի այցից օրեր առաջ հայտնի դարձավ, որ Վրաստանի տարածքով Հայաստան-Ռուսաստան երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են: Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչև 52-54%-ով:


«Սա վերջերս կայացած հայ-վրացական բանակցությունների արդյուքն է: Վերջերս հայ-վրացական հարաբերությունները բավականին ակտիվացել են ու այստեղ մեծ դերակատարություն ունի Իրանի գործոնը: Հայաստանը, կարելի է ասել, տարանցիկ երկիր է դարձել դեպի Իրան ապրանքափոխադրումների համար: Արդյունքում անցյալ տարի Հայաստանում տրանսպորտային բեռնափոխադրումների ծավալն աճեց 80%-ով», - նշեց նա՝ հավելելով, որ ինքն էլ մեծ սպասումներ չունի Մեղրիի Ազատնտնտեսական գոտում վրացական նեդրումների հնարավոր հոսքի մասով:


Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով, հայ-վրացական առեւտրատնտեսական հարաբերություններում թեպետ ակտիվացում է նկատվում, սակայն դրանք շատ չնչին են, եթե համեմատենք Վրաստան-Թուրքիա կամ Վրաստան-Ադրբեջան տնտեսական փոխգործակցության ծավալների հետ; «Տեսեք, անցյալ տարի Հայաստանի ներդրումները Վրաստանում կազմել են շուրջ 5 մլն դոլար, այն դեպքում, երբ Ադրբեջանը կատարել է այդ երկրում շուրջ 500 մլն դոլարի ներդրում: Հասկանալի է, որ դրանք հիմնականում էնէրգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում են կատարվել, բայց հայկական ներդրումների ծավալը շատ չնչին է», - ասաց նա:


Միեւնույն ժամանակ փորձագետներն անդրադարձան խնդրահարույց հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Վրաստանի դիրքորոշումների տարբերություններին: Որպես օրինակ նշվեց վրացի փախստականների հարցում Հայաստանի դիրքորոշումը, եւ հակառակը. Վրաստանը ճիշտ այդպես է իրեն պահում՝ պաշտպանելով ադրբեջանական բանաձեւերը:


«Հավանաբար կողմերը փորձում են փոխզիջումային տարբերակը պաշտպանել: Հուսով եմ՝ ինչ-որ բան դրանից կստացվի»,- նկատեց Կանաշվիլին: Այստեղ Մելիքյանը հակադարձեց, որ վրացի փախստականների վերաբերյալ բանաձեւում կային ընդհանրական եւ ԼՂ հակամարտության վերաբերյալ եւ հայկական կողմի շահերից չբխող ձեւակերպումներ: «Հենց դրանով է պայմանավորված Հայաստանի դիրքորոշումն այս հարցում: Հայաստանը չի կարող ինքն իր դեմ քվեարկել: Մյուս կողմից, մինչեւ Սահակաշվիլիի իշխանության գալը Հայաստան ու Վրաստանը կարծես ունեին ջենտլմենական պայմանավորվածություն միմյանց դեմ դուրս չգալ միջազգային հարթակներում: Այս միտումը խախտվեց Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո եւ այն մինչեւ այժմ չի վերականգնվել», - ասաց նա:


Հ.Գ. Հատկանշական է, որ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարների Երեւանում ապրիլի 11-ին կայացած բանակցություններից հետո Էդվարդ Նալբանդյանը մամուլի հետ հանդիպմանը հայտարարեց, որ հայ-վրացական հարաբերություններում խնդիրներ չկան, այլ կան հարցեր, որոնք լուծվում են աշխատանքային քննարկումների մակարդակով: Սակայն այն, որ Վրաստանում գոյություն ունի հայաստանցիների «սեւ ցուցակ» (ում չեն թողնում մուտք գերծել Վրաստան), ու այն տարեցտարի ոչ թե կրճատվում է, այլ ընդլայնվում, նախարարները կամ չեն համարում խնդիր, կամ փորձում են շրջանցել: Հիշեցնենք, որ այդ ցուցակում են հայտնվել հայտնի հանրային եւ քաղաքական դեմքեր: Նրանցից են, ՀՀ ԱԺ իշխող ՀՀԿ խմբացկության պատգամավոր, ծնունդով Ջավախքցի Շիրակ Թորոսյանը, փորձագետներ Վահե Սարգսյանը եւ Իգոր Մուրադյանը:

Ի՞նչ նպատակով է Իրանի քաղաքական ղեկավարությունը «հիշել» թաթերին ու թալիշներին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար