19.03.2024
Ջանելիձեի այցը. Ի՞նչ են ակնկալում Վրաստանն ու Հայաստանը միմյանցից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ի՞նչ նպատակով է Իրանի քաղաքական ղեկավարությունը «հիշել» թաթերին ու թալիշներին

Վերջերս տեղի է ունեցել էթնիկ խմբերի և կրոնադավանական փոքրամասնությունների հարցերով Իրանի նախագահի հատուկ օգնական Ալի Յունեսիի հանդիպումը թեհրանաբնակ թաթերի և թալիշների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյան հատուկ ընդգծել է իրանալեզու այս երկու ժողովուրդների ինքնության պահպանման կարևորությունը: Արևելագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Իրանում տեղի ունեցող գործընթացները, որի մաս է կազմում այդ հանդիպումը, ոչ պակաս կարևոր են Հայաստանի համար, քան նախագահական ընտրությունները ԻԻՀ-ում:


«Ակնհայտ է, որ հանդիպման նպատակով հենց թաթերին և թալիշներին ընտրելը կողմնակի ցուցիչ է առ այն, որ Իրանի քաղաքական վերնախավը նպատակ ունի հատուկ ուշադրություն դարձնել հատկապես երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում բնակվող իրանական ինքնության կրող ժողովուրդների՝ տարածաշրջան, որտեղ թյուրքալեզվության պայմաններում նկատելի է «թյուրքական ինքնագիտակցության» որոշակի աճի միտում՝ պայմանավորված նաև ադրբեջանական քարոզչական ազդեցությամբ», - մատնանշում է փորձագետը:

Նրա խոսքով, այս առումով թաթերը և թալիշները, կարծես թե, սկսում են ստանձնել «թյուրքականության» դեմ պատվարի դերակատարություն, ինչը չի կարող չազդել նաև Ադրբեջանի Հանրապետության ներսում ընթացող էթնիկական գործընթացների վրա՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ թալիշները փաստացիորեն կիսված են հենց իրանա-ադրբեջանական սահմանով, իսկ այդ սահմանի երկու կողմերում ընթացող գործընթացները շատ դեպքերում աննշմարելի թելերով կապված են միմյանց հետ:


Նշենք, որ Ադրբեջանի Հանրապետության էթնիկ կազմի իրանական շերտի մեջ մտնում են երեք ժողովուրդներ՝ թալիշներ, թաթեր և քրդեր։ Որոշ աղբյուրների համաձայն, հենց թաթերն են այն հիմնական ենթաշերտը, որը ձևավորում է այսպես կոչված «ադրբեջանական հանրույթ»-ի մարդաբանական հիմնական միջուկը:


Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի արտաքին քաղաքականության մեջ առավելապես կարևորվում են հարևան երկրների հետ փոխհարաբերությունները: Օրինակ, Իրանի և Ադրբեջանի միջև սերտ, բարեկամական փոխհարաբերությունների ձևավորման համար որոշակի նախադրյալներ կան, սակայն փոխադարձ անվստահության պայմաններում դրանք ի սկզբանե ընթանում են լուրջ վայրիվերումներով: Երկու երկրների՝ շիա ուղղություն դավանելը և Իրանում 20-30 միլիոն ադրբեջանցիների առկայությունն այդ երկրների միջև փոխադարձ անվստահության գլխավոր պատճառներն են հանդիսանում: Բաքուն մտավախություն ունի, թե Իրանի օրինակով Ադրբեջանում շիա հոգևորականները հեղափոխությամբ կտապալեն աշխարհիկ վարչակարգը: Իսկ Ադրբեջանը, ի ծնե, իր կոչումով Իրանի նկատմամբ ունենալով տարածքային հավակնություններ, երբեմն բացահայտ, երբեմն քողարկված ջանքեր է գործադրում Իրանի ադրբեջանաբնակ նահանգներում անջատողական տրամադրություններ հրահրելու համար:


Այսուհանդերձ, իրանական կողմը հակված է Թեհրան-Բաքու փոխհարաբերությունների ոչ պատշաճ զարգացումը պատճառաբանել Ադրբեջան-Իսրայել սերտ փոխհարաբերություններով՝ մասնավորապես, Թել Ավիվիին Իրանի դեմ Ադրբեջանի տարածքից գործունեություն ծավալելու հնարավորություն ընձեռելով: Իսկ Բաքուն իր նման նկրտումները զսպելու կամ առնվազն բացահայտ քարոզչություն չծավալելու և բարիդրացիական փոխհարաբերություններ հաստատելու հարցում, թերևս, իր պատճառներն ունի: Ադրբեջանը միայն Իրանի տարածքով կարող է ցամաքային կապ հաստատել վերջինիս բազմակողմանի աջակցությունը վայելող Նախիջևանի ինքնավար Հանրապետության հետ: Ադրբեջանում ապրում են իրանական ծագումով թաթեր ու թալիշներ, որոնք որպես ազգային փոքրամասնություններ լիովին զրկված են իրենց իրավունքներից: Իսկ թալիշների մոտ կենտրոնախույս տրամադրությունները նկատելիորեն արտահայտված են:


2016 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում մտադրվել են վերջնական լուծել թալիշների, լեզգինների և այլ բնիկ ազգերի խնդիրն Ադրբեջանում, որի նպատակով ցանկանում են գնալ տարածաշրջանների «օպտիմալացման» ճանապարհով՝ մի քանի շրջանների միավորմամբ մեկ մարզի մեջ: Ադրբեջանի խորհրդարանում առաջարկ էր հնչել 
երկիրը 7-8 մարզերի բաժանելով՝ 61 շրաջններ միավորել: Իբրև թե նպատակն է ձևավորվել հզոր մարզեր, որոնք կզբաղվեն սեփական բարեկեցությանբ ու կենտրոնական իշխանություններից ավելի քիչ գումար կխնդրեն:  


Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, սակայն, հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այս ծրագիրն առաջ է տանում սոցիալական քողի տակ, իրականում քողարկում է դրա իրական նպատակները, ինչը կարող է Ադրբեջանի համար ճակատագրական լինել.


«98-ամյա ադրբեջանցի ազգը և Ադրբեջան պետությունը ձևավորվել են մի տարածաշրջանում, որտեղ կան բնիկ ժողովուրդներ, որոնք, չնայած Բաքվի կողմից վարվող թրքացման քաղաքականության, ամբողջությամբ չեն ձուլվել և ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում: Ադրբեջանցիները վարչական բարեփոխումների անվան տակ կփորձեն դե-յուրե մասնատել այն տարածաշրջանները, որոնք բնակեցված են բնիկներով: Օրինակ, հարավ-արևելյան Ադրբեջանի պաշտոնապես մեծամասամբ թալիշներով բնակեցված 3-4 շրջանները, որտեղ այդ ազգի ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում, կմիացնեն դրանցից հյուսիս ընկած և թուրք-ազերիներով բնակեցված շրջանների հետ, որի արդյունքում թալիշները կկազմեն փոքրամասնություն իրենց պատմական հայրենիքի մի մասում, որտեղ ազերիները մի առանձին մարզ կհիմնեն: Նույնը կարվի երկրի հյուսիսային շրջանների հետ, որտեղ կոմպակտ բնակվում են լեզգինները, ավարները, մահմեդականացված վրացիները: Նույնը կարվի թաթերի նկատմամբ, որոնք հիմնականում բնակվում են Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում: Այսպիսով, Իլհամ Ալիևը փորձում է շարունակել իր հոր՝ Հեյդար Ալիևի, Ադրբեջանի բնիկ ժողովուրդների թրքացման և նրանց ուժերի մասնատման և ձուլման քաղաքականությունը»,- հայտարարել է Համբարյանը:


Սակայն, ըստ նրա, հարցը նրանում է, որ այդ ազգերը՝ թալիշները, լեզգիները, թաթերը և այլն կարող են դա հանգիստ չընդունել և համատեղ պայքար սկսել Բաքվի դեմ: Արցախյան պատերազմի ժամանակ, հիշեցնում է նա, 1993 թվականի հունիս-օգոստոս ամիսներին թալիշներն արդեն  իրենց ինքնավարությունը հռչակել էին Ադրբեջանում, որը զենքի ուժով ճնշվեց Հեյդար Ալիևի կողմից: Ժամանակին անջատողականները բավական ակտիվ էին նաև Հարավային Լեզգիստանում, որը գտնվում է Ադրբեջանի կազմի մեջ: Վերջին տարիներին տարբեր մեթոդներ կիրառելով՝ սկսած սոցիալական ծրագրերից, վերջացրած ձերբակալություններով և մարդասպանություններով, Իլհամ Ալիևին հաջողվել է ճնշել անջատողական շարժումներն ադ տարածաշրջաններում:


«Սակայն ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ իրավիճակ կստեղծվի այդտեղ, եթե Իլհամ Ալիևը երկիրը «մարզացման» քաղաքականության քողի տակ մասնատի Թալիշստանը և Լեզգիստանը»,- հավելում է Գագիկ Համբարյանը:


Հիշեցնենք, մայիսի 19-ին Իրանում կանցկացվեն նախագահական ընտրություններ, թեկնածուների գրանցումն արդեն սկսվել է: Վերընտրվելու հայտ է ներկայացրել ինչպես Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին, այնպես էլ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:


Լիա Խոջոյան

Ոչինչ չի փոխվել. Վրաստանը չի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը
Հաջորդ նորություն next