29.01.2026
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԽԽՎ նախորդ նախագահի հետ
prev Նախորդ նորություն

Քննարկվել են Հայաստան-Շվեյցարիա համագործակցության հեռանկարները

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:


Սեյրան Օհանյանը կարեւորել է Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ հարաբերությունների զարգացումը տարբեր մակարդակներում՝ այդ առումով ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի առանձնահատուկ դերը: Խմբակցության ղեկավարը երախտագիտություն է հայտնել շվեյցարական կողմին Հայաստանի համար կարեւոր եւ զգայուն հարցերում մշտապես աջակցելու համար:


Ընդգծելով, որ իրենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից են` Սեյրան Օհանյանը, այնուամենայնիվ, անհամաձայնություն է հայտնել մի շարք հարցերում իշխանությունների վարած արտաքին եւ ներքին քաղաքականության առնչությամբ: Նա դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին, Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքի իրացմանը:


Անդրեա Բարբարա Բաումանը եւս ընդգծել է, որ խորհրդարանական համագործակցության մակարդակում եւ հարաբերությունների ընդլայնման հարցում կշարունակվեն քայլեր ձեռնարկվել: Դեսպանն ընդգծել է, որ իրենք աջակցում են խաղաղության գործընթացին եւ ներկայացրել իր երկրի կառավարության դիրքորոշումը, ըստ որի՝ պետք է պաշտպանել Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությունը միջազգային իրավունքի շրջանակում:


Մտքեր են փոխանակվել Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացների, առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների, Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների ու արտաքին եւ ներքին մի շարք մարտահրավերների շուրջ: