Դանիական Եկեղեցիների Խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Դանիական Եկեղեցիների Խորհուրդը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում ներկայիս իրավիճակին, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու մի քանի եպիսկոպոսների կալանավորմանը։ Հայ Առաքելական Եկեղեցին մեր քույր եկեղեցին է, և նրա դանիական համայնքը հանդիսանում է Խորհրդի անդամ։
Սույն հաղորդագրությամբ ցանկանում ենք արտահայտել մեր լուրջ մտահոգությունը առ այն առնչությամբ, որ Հայաստանում, կարծես թե, ճնշման տակ են հայտնվում հիմնարար մարդու իրավունքները։ Մտքի, խղճի և կրոնի ազատությունները հիմնարար իրավունքներ են, որոնք պաշտպանված են միջազգային կոնվենցիաներով, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, որոնց Հայաստանի Հանրապետությունն ինքն էլ միացել է։
Հայ Առաքելական Եկեղեցին հայ մշակույթի և պատմության առանցքային սյուներից մեկն է։ Այն պատմական եկեղեցի է, որը պետք է արժանանա հարգանքի՝ իր հասարակական նշանակության և օրենքի շրջանակներում իրականացվող իր բնական գործունեության համար, ինչպես նաև որպես կրոնի ազատության և խոսքի ազատության պահպանման արտահայտություն։ Ուստի մենք վճռականորեն կոչ ենք անում, որպեսզի եկեղեցական առաջնորդների նկատմամբ իրականացվող ցանկացած իրավական գործընթաց իրականացվի իրավունքի գերակայության, համաչափության և կրոնի ազատության սկզբունքների լիակատար հարգմամբ՝ հատկապես ներկայումս կալանավորված չորս եպիսկոպոսների պարագայում։ Մենք ուշադիր հետևում ենք նրանց դատական գործերին, ինչպես և բազմաթիվ այլ եվրոպական եկեղեցիներ։
Մենք դիմում ենք Հայաստանի իշխանություններին՝ պահպանելու Հայաստանի բազմադարյա քրիստոնեական ավանդույթը և ապահովելու, որ երկխոսությունը, իրավական վստահությունը և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքը շարունակեն մնալ հայկական հասարակության ուղենիշ արժեքներ։
Խաղաղության, արդարության և հաշտության հույսով՝
«Արդարությունը խաղաղություն կծնի, և արդարության արդյունքը կլինի հանգստություն ու վստահություն՝ հավիտյան» (Եսայիա 32։17)։
Դանիական Եկեղեցիների Խորհրդի անունից
Պետեր Բիրխ,
Էլինորի եպիսկոպոս, Դանիայի Ավետարանական Լյութերական Եկեղեցի,
նախագահ»,- ասվում է հայտարարությունում։