24.11.2024
Հայոց Ցեղասպանությունը չճանաչած Վրաստանի նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Տարոն Մարգարյանի ահռելի ունեցվածքը. երկիրն աղքատացել է, իսկ նա՝ հարստացել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է իր պաշտոնից: Իսկ պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններն են եղել: Բանն այն է, որ Արամ Ասատուրյանից պահանջվել է ՀՀԿ-ական թեկնածու Հարություն Կարապողոսյանի՝ Սնխչի Հարութի համար կոնկրետ թվով ձայն ապահովել, ինչը հոսպիտալի պետին չի հաջողվել եւ պաշտոնանկության պատճառ է դարձել: Ընդ որում, հոսպիտալի պետին պաշտոնանկ անելու հարցում ակտիվ դերակատություն ունի թեկնածուի որդին՝ Կարո Կարապողոսյանը, որը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թիկնազորի պետն է: Վերջինս որոշել է հոր պարտության համար վրեժ լուծել ու վայելելով Վիգեն Սարգսյանի անվերապահ աջակցությունը՝ հասել է ուզածին: Հավելենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունները, այլ ասաց, որ նման պաշտոնյաների մասին մամուլին մեկնաբանություններ չեն տրվում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին ակտիվորեն քննարկվում է ԱԺ նախագահի հավանական թեկնածուների անունները: Մինչ օրս ամենահավանական թեկնածուն համարվում էր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը: Նրա նշանակումը գրեթե հաստատել էր ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշել էր, որ հնարավոր է հենց Կարեն Կարապետյանը նշանակվի ԱԺ նախագահ: Սակայն, մեզ հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշել է ԱԺ ղեկավար կազմն ամբողջությամբ երիտասարդացնել, բացառապես իր մարդկանց նշանակել ԱԺ առանցքային պաշտոններում։ Ըստ այդմ, ՀՀ ԱԺ VI գումարման ԱԺ նախագահ է նշանակվելու ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ Արմեն Աշոտյանը նշանակվելու է ՀՀԿ խմբակցության ղեկավար»:


«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ պարոնայք դաշնակները հասկանալով, որ գործադիրում չեն կարող ունենալ ավելի շատ պորտֆելներ, քան ունեն այսօր, որոշել են իշխող Հանրապետական կուսակցությունից հետագա համագործակցության համար կորզել գոնե դեսպանի եւ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոն: Ավելին՝ հաշվի առնելով այն, որ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հնարավոր է չլինի նոր խորհրդարանում, նրա պաշտոնին լուրջ հավակնություններ ունի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Իսկ դեսպան նշանակվելու հարցում դեռեւս քննարկվում են մի քանի թեկնածուների տարբերակներ»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թիվ 11 ընտրատարածքում՝ Շիրակի մարզում, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված եւ ԱԺ չանցած Մարտուն Գրիգորյանին Սերժ Սարգսյանը պաշտոն է տալիս: Այս մասին armtimes.com-ին տեղեկացնում են ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր լավատեղյակ աղբյուրները: Ամենայն հավանականությամբ, Գրիգորյանը առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունում կզբաղեցնի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնը: Ի դեպ, հիշեցնենք, որ մինչ նախընտրական քարոզարշավի մեկնարկը Գրիգորյանը Գյումրի էր հրավիրել տրանսպորտի նախարարին եւ քննարկել էին ոլորտի մի շարք խնդիրներ: Ավելացնենք նաեւ, որ Գրիգորյանի ընտանիքին է պատկանում «Տրանս Ակնթարթ» ուղեւորափոխադրող ընկերությունը:


Սրան զուգահեռ՝ խոսվում է, որ ՀՀԿ-ում հաշվի են առնելու նաեւ այն հանգամանքը, որ Մարտուն Գրիգորյանը երկար տարիներ զբաղեցրել է Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը եւ չի բացառվում, որ նշանակվի գյուղատնտեսության փոխնախարար: Այս տեղեկությունների իսկությունը փորձեցինք ճշտել Մարտուն Գրիգորյանի մամուլի խոսնակից: Armtimes.com-ի հետ զրույցում Գրիգորյանի խոսնակ Լիզա Գասպարյանը նշեց, որ այս պահին դեռ ոչ մի տեղեկություն չի կարող հաստատել եւ հերքել: Գասպարյանն ավելացրեց, որ Մարտուն Գրիգորյանն առաջիկայում հանդես է գալու հայտարարությամբ: Անդրադառնալով 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրության արդյունքներին նշենք, որ Գրիգորյանը ստացել էր 10 հազար 700 քվե: Նա մարզում 5-րդ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն է: Սույն ընտրատարածքում ամենաշատ ձայները հավաքել էր ՀՀԿ-ական Արման Սահակյանը՝ 14 510, 2-րդը ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Վարդեւան Գրիգորյանն է՝ 14 312 ձայնով, այնուհետեւ նույն կուսակցության ցուցակով առաջադրված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ 12 452 ձայնով եւ ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ 11 796 ձայնով»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության որոշ ռեյտինգային թեկնածուներ իրենց ընտրողների քվեարկությունները վերահսկելու համար շատ հետաքրքիր նորամուծություն են արել: Նրանք անգամ տեղեկատվական տեխնոլոգիաներ են կիրառել: Հայտնի է, որ ռեյտինգային հիմնական թեկնածուները բավականին մեծ ընտրակաշառք են բաժանել: Իսկ որպեսզի վերահսկեն գործընթացը, որ ընտրողն այդ տասը կամ քսան հազարական դրամները վերցնելուց հետո իսկապես իրենց է քվեարկելու, նրանց նախապես բջջային հեռախոսներ են տրվել, որոնց մեջ ներդրված է եղել հատուկ ծրագիր: Այդ ծրագիրը նույն պահին ֆիքսում է, որ ընտրողը մտնում է ընտրատեղամաս, մոտենում հանձնաժողովին, ստանում քվեաթերթիկները ու քվեարկում: Եվ որ ամենակարեւորն է, ընտրողը հեռախոսով նկարում է իր քվեարկությունն ու հեռախոսային այդ նույն ծրագրով այն անմիջապես ուղարկում թեկնածուի գրասենյակ՝ մեկ այլ հեռախոսահամարի վրա: Այդպիսով, տվյալ թեկնածուն կարողանում է գրեթե ամբողջությամբ վերահսկել իրենից ընտրակաշառք վերցրած ընտրողի քվեարկությունը: Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանից: «Այ քեզ բան: Ես տեղեկացված չեմ նման բաներից, առաջին անգամ եմ լսում»,- պատասխանեց նա»:


«Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ 93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլեւս չի լինելու Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը Շվեյցարիայում եւ ՄԱԿ-ի Ժնեւյան գրասենյակում։ Հայաստանի համար խիստ կարեւոր այդ երկրում դեսպան կնշանակվի ՀՀԿ ցուցակի 4-րդ համարը՝ Արա Բաբլոյանը, ում անունը շրջանառվում էր առողջապահության նոր նախարարի պաշտոնի համար։ Որոշում է կայացվել, որ մասնագիտությամբ վիրաբույժ-ուրոլոգ 70-ամյա Բաբլոյանը պետք է զբաղվի դիվանագիտական աշխատանքով: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ ցուցակի առաջին 5 համարները պատգամավորական մանդատ չեն վերցնելու: Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը մնալու են գործադիրում: Տարոն Մարգարյանն էլ ցանկանում է ընտրվել քաղաքապետի պաշտոնում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «2013թ. ՏԻՄ ընտրություններին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարագրած ահռելի ունեցվածքը մեծ աղմուկ հանեց: Պարզվում է՝ պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում, երբ աղքատությունը մեր երկրում սրընթաց աճում է, Տ. Մարգարյանը հասցրել է ավելացնել դրամական միջոցները. եթե 2013թ. նա հայտարարագրել էր 115 մլն. դրամ, ապա հիմա այդ թիվը դարձել է 250 մլն դրամ: Բացի այդ՝ Մարգարյանն ունի 45 հազար դոլար, 50 հազար եվրո, «Զեթ ընդ Զեթ» ընկերության 50 տոկոսի բաժնետերն է: Բավական տպավորիչ է Մարգարյանի հայտարարագրած անշարժ գույքը. Երեւանում՝ Թումանյան փողոցում, ունի բնակելի շենքի մի ամբողջ հարկ՝ 190.2 քմ մակերեսով, Ավանի Սայաթ-Նովա թաղամասում՝ 137.9 քմ բնակարան, Ավանի Բաբաջանյան փողոցում՝ 1578.3 քմ տարածք, առեւտրի կենտրոնի տարածք` 761.24ք/մ մակերեսով: Բացի այդ՝ Աճառյան փողոցում՝ 3729.8 ք/մ, իսկ Չարենցի թաղամասում՝ 44ք/մ շինություն, մեկ ամառանոց Ջերմուկում, երկու ավտոտնակ: Ի դեպ, 2013թ. Մարգարյանը հայտարարագրել էր ամառանոց Դիլիջանում, որը հետո վաճառել է: Նա վաճառել է նաեւ երկու մեքենա՝ «Ռենջ Ռովեր» եւ «Մերսեդես Բենց»: Հիմա Երեւանի քաղաքապետն ունի միայն «Մերսեդես S-450»: Իսկ քաղաքապետի կինը՝ Գոհար Սարգսյանն արդեն քանի տարի է` հայտարարագրում է 50 մլն դրամ ունեցվածք, եւ այդ թիվը մշտապես անփոփոխ է մնում: Սա, համաձայնեք, խիստ կասկածելի է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը չի լինելու նոր խորհրդարանում, թեեւ զբաղեցնում էր «Ծառուկյան» դաշինքի ցուցակի անցողիկ 6-րդ համարը: Արարատ Զուրաբյանը դուրս է մնացել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ցուցակից։ Որպես հիմնավորում բերվում է այն փաստը, որ նա շատ քիչ ձայն է հավաքել՝ 1870 քվե: Նա առաջադվել էր Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող ընտրատարածքում: Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն այս օրերին միանձնյա է որոշում՝ ով է դաշինքի ցուցակից վերցնելու ԱԺ պատգամավորի մանդատը, ով՝ ոչ»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոր խորհրդարանի ձեւավորման այս օրերին խորհրդարան անցած քաղաքական չորս ուժերից երկուսում (ՀՀԿ եւ «Ծառուկյան» դաշինք) դժվարին գործընթացներ են գնում ազգի ընտրյալների «աստղաբույլը» որոշելու հարցում: Ում չեն կարողանում տեղավորել ԱԺ մտնող պատգամավորների ցուցակում, եթե իրենց հավատարիմ գործընկերն է, փնտրում–գտնում են նրան համապատասխան աշխատանք: Թեեւ մամուլում գրվեց, թե Հերմինե Նաղդալյանը Աժ հանձնաժողովներից մեկի նախագահ է ընտրվելու, «Փաստի» տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, ղեկավարությունը նրան մի «թափով» երկրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան կնշանակի»: