Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվերակությունը: Այս պահի դրությամբ քվեարկել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Քվեարկությունից հետո, անդրադառնալով ՀՀԿ-ի հաղթանակի շանսերին, Կարեն Կարապետյանն ասաց. «Ժամանակը ցույց կտա: Ուզում եմ՝ ամեն ինչ խաղաղ լինի, համերաշխ եւ հանդուրժող»:
Պաշտպանության նախարարն մի փոքր ավելի երկար է խոսել լրագրողների հետ: Նա վստահություն է հայտնել, որ քվեարկությունն անցնելու է խաղաղ: «Այդպես էլ կլինի, դրա համար բազմաթիվ քայլեր են արվել: Խորհրդարանական մեծամասնությունն ու ընդդիմությունն այնպիսի օրենսդրական դաշտ եւ վերահսկողության մեխանիզմներ են ստեղծել, որոնք յուրաքանչյուր քաղաքացու վստահություն պետք է ներշնչեն, որ իր ձայնը վճռական կլինի` հինգ տարով քաղաքական տեղաբաշխումը որոշելու հարցում»,- նշել է Սարգսյանը:
Վերջում պաշտպանության նախարարը լավ տրամադրություն, խաղաղություն եւ քվեարկության հանգիստ օր է մաղթել:
Միեւնույն ժամանակ որոշակի ընտրախախտումներ են գրանցել դիտորդական կազմակերպությունները:
«Անկախ դիտորդը» այս պահի դրությամբ արձանագրել է, որ ՏԸՀ նախագահը չի տիրապետում իրավիճակին՝ դիտարկվող տեղամասերի 10 տոկոսում: «Տեսախցիկները կարող են խախտել քվեարկության գաղտնիությունը՝ տեղամասերի 5 տոկոսում: Քվեախցիկի հետևը պատ չի տեղամասերի 25 տոկոսում: Քվեաթերթիկներ չեն եղել 20 տոկոսում:
Ուշացումով են բացվել տեղամասերի 10 տոկոսը: Բազմաթիվ տեղերում հանձնաժողովները չեն կնքում քվեարկության կտրոնները: Մեր դիտորդնեից 6-ի իրավունքները խախտել են, բայց որևէ մեկը չի լքել տեղամասը», - հայտնում է դիտորդական առաքելության մամուլի խոսնակը:
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը երեկվա դրությամբ արդեն իսկ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 225 հաղորդում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 57-ը:
Այդ 57 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժիններ՝ դրանցում նշված հանգամանքերը պարզելու նպատակով ստուգողական գործողություններ կատարելու համար: 57-ից 42-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները դեռևս շարունակվում են:
Առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 57 հաղորդումներից 46-ը վերաբերել են առերևույթ ընտրական կաշառք բաժանելուն, իսկ 11-ը՝ քաղաքացու անտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերին, ասված է հաղորդագրությունում: