3.10.2025
Փաշինյանի խոսույթը ուղիղ հանձնարարական էր հաշվեհարդար սկսելու Ղուկասյանի նկատմամբ
prev Նախորդ նորություն

Արցախի նկատմամբ կապվածության «կերտումը» Ադրբեջանում. հետազոտություն

Ադրբեջանի կողմից Նախիջևանում, Արցախում և այլ վայրերում հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ և համակարգված ոչնչացումը վաղուց արդեն հաստատված է բազմաթիվ անառարկելի փաստերով։ Այս քաղաքականության մասին բազմիցս գրվել ու խոսվել է տարբեր հարթակներում, նշվում է «Գեղարդ» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։


ԱՄՆ Օհայոյի պետական համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի հետազոտող Լորի Ժորժն Ադրբեջանի այս քաղաքականությունը դիտարկել է նոր լույսի ներքո՝ նշելով, որ դեռ ԽՍՀՄ գոյության վաղ շրջանից դրա հիմնական նպատակներից մեկն ազգակերտման գործընթացի շրջանակում ադրբեջանցիների մոտ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կապվածություն առաջացնելն էր։ Հոդվածը լույս է տեսել Nationalities Papers հեղինակավոր գիտական ամսագրում։ Վերնագիրն է՝ «Գիտելիք, որ հնարավոր չէ իմանալ․ Ադրբեջանի կապվածության կառուցումը Լեռնային Ղարաբաղի հետ»։


Հոդվածում ներկայացվում է, թե ինչպես են ջնջման ու մոռացության մատնելու մեխանիզմներն օգտագործվել ադրբեջանցիների շրջանում տարածքի նկատմամբ կապվածություն ձևավորելու համար։


Գիտական գրականության մեջ նման երևույթը սահմանվում է «կառուցվածքային անգիտություն» եզրույթով։ Անգիտության այս տեսակը ոչ թե գիտելիքի բացակայությունն է որևէ հարցի շուրջ, այլ անգիտության դիտավորյալ ձևավորումը կամ կեղծիքի միջոցով գերակա տեսակետի տարածումը։ Հեղինակը նշում է, որ պետությունները կարող են տիտղոսակիր խմբի շրջանում անգիտություն ձևավորել որևէ տարածքի խորհրդանշական կարևորության և այնտեղ բնակվող ավելի փոքր խմբի բռնաճնշման ու ջնջման մասին։ Դա նպաստում է տիտղոսակիր խմբի շրջանում տվյալ տարածքի նկատմամբ ավելի ամուր կապվածության ձևավորմանը։


Կառուցված անգիտությունը ձևավորում է ընկալումներ։ Լորի Ժորժը նշում է. «Ադրբեջանցիները սովորում են հայերին ընկալել բարբարոս, ոչ քաղաքակիրթ, արկածախնդիր՝ համարելով նրանց անընդունակ մտածելու և արդարության անարժան։ Նրանք սովորում են Լեռնային Ղարաբաղն ընկալել որպես Ադրբեջանի քաղաքակրթության օրրան, էթնիկ հայերի գործողությունները՝ մեկնաբանել որպես չարամտություն»։ Ըստ հեղինակի՝ ադրբեջանցիներին սովորեցնում են մոռացության տալ հայերի հանդեպ բռնությունները, իսկ հայկական ջարդերը՝ պիտակել որպես դավադրության տեսություն։


Տարածքի յուրացումն իրականացվում է տարբեր ձևերով։ Ֆիզիկական կամ նյութական պրակտիկան վերաբերում է, օրինակ՝ ենթակառուցվածքային փոփոխություններին։ Նշվում է, որ խորհրդային տարիներին հիմնական մայրուղիները շրջանցում էին Լեռնային Ղարաբաղը։ Առավել ռադիկալ են մարդկանց ֆիզիկապես հեռացնելու և շինություններն ու բնական միջավայրն ավերելու օրինակները։ Այսպես՝ 1919-1920 թվականներին՝ Ղայբալիքենդի և Շուշիի ջարդերից հետո, հայկական ավերված թաղամասերի ավերակները վերջնականապես ոչնչացվել են, իսկ վնասված եկեղեցիներն ու խաչքարերը թողնվել աննորոգ վիճակում։ Ըստ հեղինակի՝ Ադրբեջանի նարատիվն այն մասին, որ «Շուշին պատմական ադրբեջանական քաղաք է», մասամբ հիմնված է հայկական հետքի ոչնչացման, հայ բնակիչների կոտորածի և քաղաքի հայկական թաղամասի ավերման վրա։ Մեկ այլ օրինակ է բնակության համար անբարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով հայերին իրենց տներից հեռանալ ստիպելը։


Գաղափարական պրակտիկաներից է նաև քարտեզների, կատալոգների, գրքերի հրատարակությունը, որոնցում դիտավորյալ դուրս են թողնվել Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական հուշարձանները։


Հաջորդ օրինակը պատմության վերաշարադրումն է։ Խորհրդային տարիներին պատմաբաններին հանձնարարվել էր գրել Ադրբեջանի պատմությունը, որը տարածվում էր դպրոցական դասագրքերի միջոցով։ Ըստ հեղինակի՝ պատմության դասագրքերով արհեստական կապ էր ձևավորվում ադրբեջանցիների և Աղվանքի միջև, մոռացության էր մատնվում աղվանական այբուբենի հայկական ծագումը, աղվանականացվում էին պատմական կարևոր կերպարները, քարոզվում էր, որ Լեռնային Ղարաբաղում ընդհանրապես հայեր չեն եղել։


1988 թվականից հետո կառուցվածքային անգիտությունն ավելի մեծ մասշտաբներ է ստացել։ Անգիտության կառուցումն իրականացվում է հիշողության ջնջման միջոցով։ Հեղինակը երկու օրինակ է նշում՝ Սումգայիթի և Բաքվի ջարդերը մոռացության տալն ու Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այս գործելաոճը ներկայում իրագործվում է Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական գերեզմանատները, եկեղեցիներն ու այլ կառույցներ։


Այսպիսով՝ նման հետազոտությունները ցույց են տալիս, որ Արցախն անկյունաքարային նշանակություն ունի Ադրբեջանի ազգաշինության և տարածաշրջանում բնիկ լինելու քարոզչության համար։ Ադրբեջանում ազգակերտման մեկ այլ ծայրահեղ դրվագի, թե ինչպես են հազարամյակներ առաջ ապրած նախամարդիկ ներկայացվում որպես ադրբեջանցիներ, իսկ Գոբուստանում, Արցախի Ազոխ գյուղի մոտ և այլ վայրերում պահպանված հնագիտական նյութական մշակույթի մնացորդներն ու ժայռապատկերները՝ որպես ադրբեջանցիների բնիկության ապացույց, արդեն անդրադարձել ենք։


Այդ հետազոտության հեղինակը՝ Ուրի Ռոզենբերգն, այն բնութագրել էր «խելամտության ցանկացած սահմանից դուրս»։ Լորի Ժորժը ևս իր ներկայացրած դրվագները համարում է ազգակերտման ծայրահեղ օրինակներ։ Փաստն այն է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի ղեկավարությունն ադրբեջանական ազգակերտումն ու ազգայնականությունը սնել է հայերի ու Հայաստանի նկատմամբ ծայրահեղ հակադրությամբ, թշնամանքով ու հայկականի մերժմամբ։ Դրա կենդանի վկայությունն է Արցախում հայկական հետքն իսպառ ջնջելու քաղաքականությունը՝ փաստագրված բազմաթիվ լուսանկարներով և տեսանյութերով։

Հանցավոր խումբը կատարել է 4.5 մլրդ դրամի փողերի լվացում. ՔԿ
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը