29.09.2025
«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը կարևորում է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը
prev Նախորդ նորություն

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացրել է տնտեսության զարգացման մտահոգիչ միտումները

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը հրապարակել է Հայաստանի տնտեսության զարգացումների վերլուծությունը՝ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների համար, որտեղ արձանագրվել է տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ, սակայն նշվել են նաև մի շարք լուրջ մարտահրավերներ։


Չնայած Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել է 7.1%, իրական ՀՆԱ-ի աճը, որը հանդիսանում է տնտեսության հիմնական ցուցիչ, մնում է ավելի ցածր։ Առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում արտահանման ոլորտի անկումը և բնակչության վարկավորման ծավալների անհամաչափ աճը։


Հիմնադրամի վերլուծության համաձայն՝ ՏԱՑ-ի բարձր ցուցանիշը՝ 7,5% օգոստոսին և 7,1%՝ առաջին ութ ամիսներին, պայմանավորված է եղել արդյունաբերության ոլորտի որոշակի վերականգնմամբ և շինարարության ոլորտում գրանցված զգալի աճով։ Սակայն, ըստ հունվար-հունիս ամիսների տվյալների, ՀՆԱ-ի իրական աճը մոտավորապես 1 տոկոսային կետով ավելի ցածր է, ինչը վկայում է անորոշ պատկերի մասին։


Վերլուծաբանների կարծիքով, առավել սուր խնդիրը կապված է արտահանման ոլորտի հետ։ Մի քանի ամիս շարունակ մեղմանալուց հետո, օգոստոսին արտահանման անկման տեմպը կրկին վատթարացել է՝ հասնելով 40,8%-ի, իսկ ութ ամիսների կտրվածքով՝ 48,8%-ի։ Այս մեծ անկումը հիմնականում պայմանավորված է վերաարտահանման ծավալների նվազմամբ։ Առանց վերաարտահանման հաշվառման, արտահանման աճը կազմել է ընդամենը 2,5% (ըստ հունվար-հուլիս ամիսների տվյալների), ինչը ցույց է տալիս երկրի արտահանման ներուժի էական նվազում։


Մեկ այլ մտահոգիչ ազդանշան է նաև բնակչության վարկավորման ծավալների անհամաչափ աճը՝ նրանց եկամուտների համեմատ։ Սպառողական և հիփոթեքային վարկերի ծավալները աճել են համապատասխանաբար 31,1% և 26,3%, մինչդեռ բնակչության եկամուտները (աշխատավարձերը, դրամական փոխանցումները և այլն) նման աճ չեն արձանագրել։


«ԼՈՒՅՍ» հիմնադրամի փորձագետները զգուշացնում են, որ նման անհամապատասխանությունը կարող է միջնաժամկետում ռիսկեր ստեղծել ֆինանսական կայունության համար։

Լուսանկարը` shant.am
Հաջորդ նորություն next