Հայացք Բաքվից. Ադրբեջանը կարող է խոցել ցանկացած ռազմավարական թիրախ Ղարաբաղում ու ՀՀ–ում
Ադրբեջանի տրամադրության տակ գտնվող նորագույն հրթիռային և հրետանային համակարգերը թույլ են տալիս ոչնչացնել ցանկացած ռազմավարական և ռազմական օբյեկտ ոչ միայն «օկուպացված տարածքներում», այլ նաև ՀՀ–ի տարածքում։ Այդ մասին Ազերթաջի հետ զրույցում հայտարարել է ադրբեջանցի ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Շաիր Ռամալդանովը` մեկնաբանելով Արկադի Տեր–Թադևոսյանի հայտարարությունը։
«Ես միշտ ասել եմ, որ մենք չպետք է սպասենք, որ Ադրբեջանը մեզ հարվածի, նոր մենք պատասխան հարված հասցնենք։ Դա թույլ է տալիս նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը, որ երբ տեսնում ես, որ քեզ ուզում են հարվածել, դու կարող ես առաջինը հարվածել՝ որպես կանխարգելիչ քայլ։ Ես մի քարտեզ ունեմ, որտեղ կա 12 վայր, որտեղ մարդիկ չեն ապրում, սակայն դրանք ինժեներական ենթակառուցվածքներ են, և եթե այդ վայրերին հարվածենք, մեծ վնաս կարող ենք հասցնել։ Դրանք էլեկտրակայաններ են, գազատարներ, նավթատարներ։ Ասենք այդ օբյեկտների շարքում են Մինգեչաուրի ջրամբարը, երկու հզորագույն էլեկտրակայաններ, որոնք ապահովում են Ադրբեջանի էլեկտրականության մոտ 40 տոկոսը, Բաքվի մոտ գտնվող նավթարդյունահանման օբյեկտները։ Այսինքն՝ երբ տեսնում ենք, որ փորձում են մեզ վրա հարձակվել, մենք ոչ թե պետք է հարվածենք Բաքվին, որ մարդիկ մահանան, այլ ռազմավարական օբյեկտներին, որը կսթափեցնի ու խելքի կբերի նրանց։ Մենք իրավունք չունենք երկրորդ անգամ թույլ տալ ապրիլյան դեպքերի կրկնություն»,– նշել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) Lragir.am–ի հետ զրույցում։
Ռամալդանովը նշել է, թե իր համար անհասկանալի է, թե ինչու են թիրախները 12-ը, այլ ոչ թե 20-ը։ Նա նշել է, որ այդ բոլոր օբյեկտները լավ պաշտպանված են օդից ու բարդ կլինի դրանց խոցելը։