Զոհրաբյան. «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ հետ որևէ ձևաչափով չի համագործակցելու
«Ծառուկյան» դաշինքը Հանրապետական կուսակցության հետ որևէ անվամբ կամ ձևաչափով համագործակցություն չի ունենալու: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով վերջին օրերին մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե ՀՀԿ-ԲՀԿ պայմանավորվածություններ կան հետընտևական զարգացումների մասով:
Զոհրաբյանի խոսքով, մրցապայքարի մասնակից որոշ գործընկերներ հասկանալով, որ իրենց համար ելք չկա, անցել են բացարձակ ապատեղեկատվության: «Եթե իմ գործընկերները լավ չենք հասկացել, կամ եթե բազմազբաղ լինելով՝ չեն հասցրել հետևել, կրկնում եմ՝ կլինի անունը կոալիցիա, Ազգային համաձայնության կառավարություն, Եղբայրական ալյանս, թե Եղբայրական համաձայնության ուխտ` չի լինելու: «Ծառուկյան» դաշինքը Հանրապետական կուսակցության հետ որևէ անվամբ կամ ձևաչափով համագործակցություն չի ունենալու»,– նշեց նա:
Նաիրա Զոհրաբյանը նաև բացահայտեց, թե կոնկրետ ո՞ր ուժին են ուղղված իր պարզաբանումները.
«Ելքի մեր գործընկերները դա շատ լավ գիտեն, բայց հասկանում են, որ իրենք այլ ելք չունեն, քան նման ապատեղեկատվություն տարածելը։ Այնպես որ, ելք կա, և ելքը «Ծառուկյան» դաշինքն է»,- հավելեց նա:
Ելք դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում հայտարարել էր, որ գրեթե 100 տոկոսով համոզված է, որ «Ծառուկյան» դաշինքը սերտորեն համագործակցելու է Հանրապետականի հետ, թեև հնարավոր է անունը կոալիցիա չլինի բայց համագործակցելու են: