25.09.2025
Աննա Վարդապետյանը ընդունել է Իրանի արդարադատության նախարարին
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հաստատել է 2026-ի պետբյուջեի նախագիծը՝ 537,5 մլրդ դրամի դեֆիցիտով

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի կառավարությունն այսօր` սեպտեմբերի 25-ին, հաստատեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը կուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը։ Ըստ նախագծի՝ հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է ունենալ շուրջ 8 միլիարդ դոլարի եկամուտ և 9,3 միլիարդ դոլարի ծախս։


Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ բյուջեի դեֆիցիտը կկազմի 537,5 միլիարդ դրամ կամ 1.4 միլիարդ դոլար, ինչը ՀՆԱ-ի 4,5%-ն է։ Նախորդ տարվա դեֆիցիտի 5,5%-ի համեմատ, այս ցուցանիշը նվազել է։ Դեֆիցիտը ծրագրվում է ֆինանսավորել ինչպես ներքին՝ շուրջ 693,2 միլիոն դոլար, այնպես էլ արտաքին՝ մոտ 706,5 միլիոն դոլար, աղբյուրներից։ 


«Բյուջեի նախագծով ՀՆԱ –ն կանխատեսվել է 11 տրիլիոն 933 մլրդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5,4%, ՀՆԱ-ի դեֆլյատորը 3%», - կառավարության նիստում տեղեկացրեց նախարարը` հավելելով, որ բյուջեի եկամուտների հիմնական մասը, մոտ 7,7 միլիարդ դոլարը, նախատեսվում է ապահովել հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին։ Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2026 թվականի վերջին կանխատեսվում է 53,5%։


Նախարարը նաև նշել է, որ 2026 թվականին կշարունակվեն մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Ակադեմիական քաղաքի կառուցումը, որի համար նախատեսվել է 4,9 միլիարդ դրամ կամ 12,8 միլիոն դոլար։


Բացի այդ, Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ 150 միլիոն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրմանը։ Այս միջոցները կուղղվեն 2025 թվականի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։

Լուսանկարը` factor.am
Հաջորդ նորություն next