Սարգսյան. Հայկական բանակը մի շարք առավելություններ ունի Ադրբեջանի ԶՈՒ նկատմամբ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների բալանսը խախտված է, սակայն ընդհանուր ուժերի բալանսը պահպանվում է, քանի որ հայկական բանակը մի շարք առավելություններ ունի ադրբեջանական զինված ուժերի նկատմամբ: Այս մասին ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, բալանսը խախտված է, որովհետև բավական երկար ժամանակ Ադրբեջանը շատ մեծ բյուջետային միջոցներ է ծախսել տարբեր երկրներից զենք ձեռք բերելու վրա, ինչն էլ հանգեցրել է տարածաշրջանում սպառազինության բալանսի լուրջ խախտման:
«Սակայն կարելի է համաձայնել միջազգային փորձագետների գնահատականների հետ, ովքեր կարծում են, որ բալանսը պահպանված է, քանի որ հայկական զինված ուժերը ունեն մի շարք առավելություններ, որոնք թույլ են տալիս չեզոքացնել սպառազինության բալանսի խախտումը: Ես մենք պետք է ինտենսիվ աշխատենք, որպեսզի սպառազինության բալանսը նույնպես վերականգնվի»,- նշել նախարարը:
Նա հավաստիացրել է, որ հայկական զինված ուժերը մշտապես արդիականացվում են, նոր սպառազինություն ձեռք բերում և այս առումով անդադար երկխոսության մեջ ենք ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մի շարք ուրիշ գործընկերների հետ:
«Մենք գնում ենք ամենատարբեր սպառազինություն` ելնելով զինված ուժերի զարգացման մեր պլանից և հետաքրքրված ենք այնպիսի տեխնիկա ձեռք բերելու հարցում, որը հնարավորություն կտա բալանսավորել սպառազինությունը և կանխել Ադրբեջանի կողմից սպառազինության մի ամբողջ շարքի կիրառումը»,- հավելել է Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի շրջաանակում համագործակցությանը, ապա Վիգեն Սարգսյանը նշել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակում դեռ կան արտաքին քաղաքականության առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումների համաձայնեցման մակարդակի բարձրացման հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն: Սակայն հստակ է մեկ բան` Հայաստանի համար ՀԱՊԿ-ն անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ է և մեր երկիրը գնահատում է կազմակերպության ներուժը: