Հետիոտնը՝ ավտոմեքենայից կարևոր. Ներկայացվել է Երևանի տրանսպորտային նոր ռազմավարություն
Լուսանկարը` Sputnik
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է 2026 թվականին քաղաքի կենտրոնում երթևեկության վերակազմակերպման լայնածավալ ծրագրերի մասին։ Ընդունելով ավտոմեքենաների թվի անխուսափելի աճը՝ մայրաքաղաքի իշխանությունները մտադիր են շեշտը մասնավոր տրանսպորտից տեղափոխել դեպի հետիոտներ, հեծանվորդներ և հասարակական տրանսպորտ, ինչի համար նախատեսվում է ընդլայնել մայթերը և ստեղծել հեծանվային ուղիների ցանց։
Ավտոմոբիլացման մակարդակի աճը և տրանսպորտային խցանումները պահանջում են ամենամյա և համակարգային լուծումներ։ Այս մասին սեպտեմբերի 8-ին քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նախանշելով քաղաքային քաղաքականության հիմնական գերակայությունները։
Քաղաքապետի խոսքով՝ արդեն հաջորդ տարի մայրաքաղաքի փոքր կենտրոնում կմեկնարկի լայնամասշտաբ ծրագիր։ «Մենք պետք է ծրագիր իրականացնենք՝ հեծանվային ուղիների ավելացման, ինչպես նաև մայթերի լայնացման ուղղությամբ», — տեղեկացրեց քաղաքապետը՝ հավելելով, որ այս հարցի մշակմամբ արդեն զբաղվում է ֆրանսիական Իլ դը Ֆրանս շրջանը։ Բացի այդ, նախատեսվում է շարունակել ավտոբուսային գծերի ցանցի ընդլայնումը։
Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ նոր հասարակական տրանսպորտն ապացուցել է իր հարմարավետությունը քաղաքացիների համար։ Նա ուշագրավ փաստ բերեց. չնայած ավտոբուսների համար առանձնացված գծերի ստեղծմանը, որոնք նվազեցրել են մասնավոր մեքենաների տարածքը, խցանումների միջինացված թիվը քաղաքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նույնիսկ նվազել է։ Դրան հաջողվել է հասնել այն բանի շնորհիվ, որ ավտոբուսներն սկսել են ավելի արագ շարժվել, իսկ մնացած հոսքի համար գտնվել են ուղեկցող լուծումներ։
Եզրափակելով խոսքը՝ քաղաքապետը հստակորեն ներկայացրեց քաղաքի փիլիսոփայությունը և տրանսպորտային քաղաքականության առաջնահերթությունների հիերարխիան։ «Մեր առաջնային խնդիրը մեքենաները չեն։ Մեր առաջնային խնդիրը հետիոտն է, հեծանիվն է, հետո ավտոբուսն ու տրոլեյբուսն են, և միայն դրանից հետո՝ ավտոմեքենան», — ընդգծեց Տիգրան Ավինյանը։