22.07.2025
Լուսանկարը` mil.am
prev Նախորդ նորություն

Երևանը մերժում է Ալիևի «միջանցքային» պահանջները՝ տեսնելով դրանցում տարածքային նկրտումներ

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, ըստ որոնց՝ ադրբեջանցիները չպետք է շփվեն հայ սահմանապահների հետ՝ Զանգեզուրով Նախիջևան անցնելիս, պաշտոնական Երևանը արձագանքել է երկու օր անց՝ դրանք որակելով որպես անընդունելի և հակասող մինչ այս ձեռք բերված պայմանավորվածություններին։


ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է Իլհամ Ալիևի ելույթը Ստեփանակերտում, որտեղ նա հերթական անգամ պնդել է՝ Հայաստանը պետք է ապահովի անխոչընդոտ և անվտանգ երթևեկություն Ադրբեջանից դեպի Նախիջևան՝ առանց որևէ ֆիզիկական շփման հայ սահմանապահների հետ։


«Դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ, ինչը չի կարող ընդունելի լինել։ Այս հարցը պետք է լուծվի երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիարժեք հարգմամբ և փոխադարձության սկզբունքով», – հայտարարել է Բաղդասարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում։


Նա նշել է, որ ինչպես վարչապետ Փաշինյանը նշել էր հուլիսի 16-ի ասուլիսում, Հայաստանի տարածքով անցնող բեռները և քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր մաքսային և սահմանային հսկողություն՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ «Հայաստանի Հանրապետությունը չի կարող չիմանալ՝ ով է մուտք գործում իր տարածք, և արդյոք նա դուրս է գալիս, թե ոչ», – ընդգծել է վարչապետի խոսնակը։


Ավելի վաղ Ստեփանակերտում ունեցած ելույթի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել էր, որ ադրբեջանական բեռներն ու քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան «Ադրբեջանից՝ Ադրբեջան» տեղափոխվելու՝ առանց հայկական կողմի վերահսկողության։


Նրա այս հայտարարությունը հնչեց Արցախի մայրաքաղաքում, որը 2023 թվականի սեպտեմբերին անցավ Բաքվի վերահսկողության տակ՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունից և էթնիկ զտման հետևանքով։ Այդ գործողությանը նախորդել էր շուրջ ութ ամիս տևած շրջափակումը, որի ընթացքում տարածաշրջանի հայ բնակչությունն ապրում էր ծանր հումանիտար պայմաններում՝ կենսական ապրանքների, սննդի և դեղորայքի խիստի պակասուրդ, ինչը միջազգային կառույցների կողմից որակվել էր որպես հումանիտար ճգնաժամ։


Ալիևը նշել էր, որ կողմերի միջև չպետք է լինի որևէ «ֆիզիկական շփում» և որ երթևեկությունը պետք է իրականացվի «երաշխավորված անվտանգության պայմաններում»։


Իր խոսքում Բաղդասարյանը նաև հերքել է Ալիևի պնդումը, թե այս պայմանը քննարկվել է Աբու Դաբիում Փաշինյանի հետ վերջին հանդիպման ժամանակ՝ նշելով, որ նման ձևաչափ որևէ փուլում քննարկման առարկա չի եղել։


Միաժամանակ, ընդդիմադիր ուժերը կասկածի տակ են դնում իշխանությունների հաստատակամությունը։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ վարչապետ Փաշինյանը նախկինում ևս խախտել է իր իսկ հռչակած կարմիր գծերը և հիմա պարզապես փորձում է խաղաղության պայմանագիր կորզել Ալիևից՝ իշխանությունը պահպանելու նպատակով։ Նրա կարծիքով՝ այդ համաձայնագիրը վարչապետի համար այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է։

Լուսանկարը` https://www.armenian-church.eu/clergy/
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին