Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսը զավեշտով, կեղծիքով, մանիպուլյացիայով հարուստ էր և մեծ հաշվով՝ փաստացի վարչապետը չորս ժամ զբաղված էր մեր ինտելեկտի բռնաբարությամբ:
Անշուշտ, Փաշինյանի մտքի «գոհարներին» անդրադառնալու առիթ կլինի, բայց հիմա ուզում եմ խոսել ասուլիսի «ամենապոպուլյար» թեմայի՝ արտապատվիրակման մասին:
Փաշինյանը փորձել է համեմատական անցկացնել Հայաստանի ներկայիս արտապատվիրակված ենթակառուցվածքների և Սյունիքով նախատեսված ճանապարհի միջև՝ ընդգծելով, որ երկաթուղային համակարգը, «Զվարթնոց» օդանավակայանը և ջրամատակարարման որոշ ոլորտներ նույնպես գտնվում են արտասահմանյան կառավարման ներքո, սակայն «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կամ ինքնիշխանությունը դրանից չեն խախտվել»։
Նման համեմատություն անելու համար՝ մարդը կա՜մ կատարյալ դիլետանտ պետք է լինի, կա՛մ՝ մանիպուլյացիայի մեծագույն վարպետ:
Ըստ իս, Փաշինյանի պարագայում այս երկու գործոնները միախառնված են:
Հայաստանի ջրային համակարգի կամ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարման արտապատվիրակումը կատարվել է ներդրումային պայմանագրերի շրջանակում, որոնց դեպքում ՀՀ-ն պահպանում է լիարժեք իրավասություն, վերահսկողություն և իրավական գերակայություն այդ ենթակառուցվածքների նկատմամբ։
Սյունիքի ճանապարհի հարցում Ադրբեջանը բացահայտորեն պահանջում է ռեժիմ, որի դեպքում Հայաստանի իրավասությունները՝ մաքսային, սահմանային և անձնագրային, փաստացի չեն գործելու այդ ճանապարհի նկատմամբ։
Առնվազն, սահմանափակվելու է Հայաստանի ինքնիշխանությունը:
Զանգեզուրի միջանցքի շուրջ քննարկումները ծագել են ոչ թե տնտեսական անհրաժեշտությունից, այլ՝ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքով առաջ քաշված ռազմաքաղաքական պահանջների համատեքստում։
Այստեղ, ըստ այդ, անիմաստ է խոսել փոխադարձության համագործակցության բաղադրիչների մասին:
Այսպիսով, գործ ունենք ոչ թե տնտեսապես շահավետ նախաձեռնության, այլ մի լուծման հետ, որը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական շահեր բախման կիզակետ:
Դարձյալ պնդում եմ, որ ուրվագծվող լուծումը շատ ավելի ռիսկային ու վտանգավոր է, քան այն ինչ նկարագրված էր Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց