16.07.2025
ՄԻՊ-ն անդրադարձել է ազատությունից զրկման վայրերում մահերին և ինքնասպանություններին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը՝ Թրամփին գերիների հարցով չդիմելու մասին

Չկա որեւէ բանակցություն, չկա որեւէ խոսակցություն, որտեղ գերիների հարցին չի տրվում պատշաճ տեղ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը: 


Փաշինյանը պնդեց՝ չկա որեւէ խոսակցություն, որ այդ հարցին անդրադարձ չլինի։  


Հիշեցնենք, նախօրեին «Հրապարակ» թերթը գրել էր. «Վարչախումբը մատը մատին չի խփում՝ 2 տարի Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին վերադարձնելու համար։ Ոմանց թվում է, թե քայլեր ձեռնարկվում են` չի ստացվում, սակայն այդպես չէ:


Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ու ընկերներն ամեն ինչ անում են նրան ազատելու համար։ Օրերս նրա փաստաբան Ջարեդ Գենսերը հարցազրույցում պատմեց, որ կարող է դերակատարում ունենալ ԱՄՆ նախագահը:


Մեր աղբյուրները հայտնում են, որ հայ ազդեցիկ գործիչները կապվել են Թրամփի աղջկա ամուսնու հետ եւ բանակցել: ԱՄՆ նախագահը, որն այն քիչ մարդկանցից է, որը կարող է այս հարցը լուծել, համաձայնել է միջամտել, եթե ՀՀ իշխանությունները դիմեն իրեն այդ առաջարկով:


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի միջոցով Փաշինյանին են փոխանցել այս առաջարկը` որ ընդամենը մի թղթի կտոր է պետք, որ պաշտոնական հիմք լինի ԱՄՆ նախագահի համար, մերժում են ստացել:


Փաշինյանի կողմից փոխանցվել է, որ նման գրությունը կխանգարի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը: Ի դեպ, Գենսերը հարցազրույցում ասաց, որ եթե գերիների հարցը մինչեւ պայմանագրի կնքումը չլուծվի, հետո անհնարին կլինի, քանի որ «կողմերը հետ են վերցնելու միջազգային հայցերը»։


«Ես գիտեմ, որ մի շարք մարդիկ, որոնք այս հարցով հանդիպել են Փաշինյանի հետ, նրան ասել են, որ նախագահ Թրամփն այլ դիրքորոշում ունի գերիների վերաբերյալ, քան Բայդենը, դա նրա համար առաջնահերթություն է։


Նախագահ Թրամփը տեսնում է, որ կա համաձայնության հասնելու հնարավորություն, եւ նա հասկանում է, որ գերիները պետք է լինեն այդ գործընթացի մի մասը՝ նախքան կամ միաժամանակ... Փաշինյանը պետք է այս հարցով խրախուսի Թրամփին՝ գերիների ազատ արձակվելու համար, դա պետք է անի թե՛ հրապարակավ, թե՛ մասնավոր տարբերակով»,- ասել է նա։


Հիշեցնենք նաև, որ Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, մայիսի սկզբին դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ավելի քան մեկուկես տարի Բաքվում բանտարկված հորն ու մյուս 22 հայ գերիներին ազատ արձակելու խնդրանքով։ Կրտսեր Վարդանյանի հոդվածը՝ «Հայրս ավելի քան 550 օր բանտում է պարզապես քրիստոնյա լինելու համար» վերնագրով հրապարակել էր ամերիկյան FoxNews-ը:


«Ես և իմ ընտանիքը հույս ունենք, որ Դոնալդ Թրամփը՝ որպես խաղաղության նախագահ, կկատարի իր հանձնառությունը: Նա կարող է դա անել՝ Բաքվի ռեժիմին հասկացնելով, որ պետք է հետևել միջազգային կանոններին և ցույց կտա իր հավատարմությունը Կովկասում խաղաղությանը՝ ազատ արձակելով հորս ու մյուս հայ բանտարկյալներին», - նշել է նա, ապա հիշեցրել, որ մինչ նախագահ դառնալը Թրամփը նախընտրական քարոզչության ընթացքում խոստացել էր պաշտպանել հալածված քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին։


 

Ավելի հավանական է, որ մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից, քան կապասառեցնենք մեր անդամակցությունը
Հաջորդ նորություն next
 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով