11.07.2025
Ի՞նչ է ստանում Հայաստանը Սյունիքով ճանապարհի դիմաց
prev Նախորդ նորություն

Քննարկումներ կան, արդյունքներ՝ ոչ

Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը Իքսի միկրոբլոգում գրառում է արել Էմիրություններում երկրի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին, շեշտելով հետեւյալը. «Մասնավորապես, քննարկեցինք տնտեսական համագործակցությունը և ներդրումները բարելավելու ուղիները»:


Այս գրառումը բերում է երկու մտորումի:


Արդյո՞ք տնտեսական եւ ներդրումային հարցերի քննարկումը կարող է նշանակել Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպման որոշ համաձայնությունների այսպես ասած «ներդրումային գնի» քննարկում: Մասնավորապես, հնարավո՞ր է, որ Հայաստանի ինչ որ համաձայնությունների դիմաց Էմիրությունների միջոցով ապահովվեն ներդրումներ Հայաստանում:


Մյուս դիտանկյունը, որով արժե ուշադրության արժանացնել հարցը, եւ որն ըստ էության առավել առարկայականն ու շոշափելին է, դա Հայաստանում Էմիրությունների հետ ներդրումային գործակցության արդեն իսկ տապալված ծրագրերն են:


Օրինակ, «հանրահայտ» ԱՆԻՖ շրջանակում Հայաստանը Շարժայի Էմիրության ավիափոխադրող Էյր Արաբիայի հետ սկսեց Ազգային ավիափոխադրող Ֆլայ Արնայի ծրագիրը, որը սակայն տապալվեց: Ընդ որում, ինչպես հայտնում են լավատեղյակ աղբյուրները, տապալվեց, որովհետեւ հայաստանյան կողմը՝ տվյալ դեպքում կառավարությունը, բավարար պատասխանատվությամբ չի մոտեցել արաբ ներդրողների հետ պայմանավորվածությունների կատարմանը:


Թե ինչու՞: Սա իհարկե եւս կարեւոր հարց է: Կամ պարզապես գործ ունենք ապաշնորհության եւ անպատասխանատվության հետ, կամ՝ հնարավոր է վերջին տարիներին հայկական ավիաշուկայում ամրացած այլ ներդրողների ազդեցության, որոնց գուցե այնքան էլ ձեռնտու չէր լինի, եթե լիներ բարձր ստանդարտի Ազգային ավիափոխադրող ընկերություն:


Մյուս օրինակը՝ Էմիրությունների Մասդար ընկերության հետ արեւային խոշոր կայանի կառուցման ծրագիրն է, որի մասին հայտարարվել է 2021-ին, որը դարձյալ՝ ԱՆԻՖ պետական ֆոնդի գծով էր, եւ որը հայտնի չէ, թե ինչ վիճակում է: Կամ, կարծես թե ընդհանրապես որեւէ վիճակում էլ չէ:


Մինչդեռ սրանք պարզապես օրինակներ չեն, սրանք ընդհանրապես ազդակներ են, որոնք էական ազդեցություն են ունենում Հայաստանի ներդրումային վարկի վրա: Այն դեպքում, երբ օբյեկտիվորեն առանց այդ էլ «բնականից» ոչ գրավիչ միջավայրի պայմաններում, Հայաստանը բազմապատիկ ավելին պետք է աներ արտերկրի խոշոր ներդրողների հետ հաջող պատմությունների միջոցով ներդրումային վարկի իրենից հասանելիքն անելու համար:


Իսկ Էմիրությունները համաշխարհային խոշորագույն ներդրող է: Նրա հետ պատմությունների «ռեյտինգը» կարեւորագույն ազդակ է տնտեսական մյուս խոշոր խաղացողների համար:


Ի դեպ, ի տարբերություն Հայաստանի, ցավոք սրտի, Ադրբեջանը նույն Մասդարի հետ ավելի ուշ սկսել, բայց ավելի առաջանցիկ տեմպով իրականացնում է մի քանի ներդրումային խոշոր ծրագիր:


Այստեղ շատերը կասեն, թե՝ Ադրբեջանը փող ունի:


Իհարկե, ամեն ինչ հնարավոր է բացատրել փողով, ամեն ինչին կարելի է գտնել մի բացատրություն, որը դուրս է սեփական պատասխանատվության դաշտից՝ մի տեղ փողն է մեղավոր, մեկ այլ տեղ նախկինները, մի ուրիշ տեղ Ռուսաստանը, ֆլանսը, ֆստանը, մեղավոր են բոլորը, բացի նրանցից, որոնք պատասխանատու են շատ կոնկրետ գործերի ու արդյունքների համար:


Ի դեպ, այստեղ գուցե ավելորդ չէ հիշեցնել, որ վերջերս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը նշանակվեց ներդրումների աջակցության պետական հիմնադրամի տնօրեն: Ի դեպ, այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ են կառավարության անդամները, այդ թվում ԱԳ նախարարը: Փաստացի ստացվում է, որ քննարկելով տնտեսական եւ ներդրումային հարցեր, ԱԳ նախարարը կամա, թե ակամա գործնականում զբաղված է նաեւ տիկնոջ պրոֆիլային գործունեությանն առնչվող հարցերով: Սա իհարկե իմիջայլոց, քանի որ ընդհանուր առմամբ ես կարծում եմ ԱԳ նախարարությունը պետք է զբաղվի նաեւ տնտեսական հարցերով, ներդրումային հեռանկարներով, արտաքին գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատանքով: Պարզապես, պետությունում չպետք է լինի ընտանիքա-օջախային կառավարում: Դա մշակույթի, դա պետական արժեքների հարց է:


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան

Իշխանության զենքերը՝ բռնություն և կալանք
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ