Վերջին շրջանում շատ է քննարկվում այսպես կոչված ամերիկյան առաջարկով Սյունիքով անցնելիք ճանապարհի տարբերակը։ «Կարնեգի» հիմնադրամը հոդված էր հրապարակել այդ մասին՝ նշելով, որ դա քննարկվել է Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ։
Շատ ակտիվ հետևում եմ թե՛ ադրբեջանական փորձագիտական դաշտի, թե՛ լրատվական տիրույթի միջոցով փոխանցվող տրամադրություններին։ Վերլուծելով առկա միտումները՝ կարծում եմ, որ այդ առաջարկը Ադրբեջանը մերժելու է։ Ավելին, ոչ միայն մերժելու է, այլև այդ մերժումը շատ գեղեցիկ փաթեթավորմամբ «վաճառելու» է Ռուսաստանի, ինչու չէ նաև Իրանի վրա։ Սրանով Ադրբեջանը որոշակիորեն մեղմելու է վերջին շրջանում առկա լարվածության ֆոնը, նաև կարողանալու է դիվիդենտներ շահել՝ ընդդեմ Հայաստանի։ Հայաստանը կրկին մնալու է միայնակ այս բարդ խաղի մեջ։
Ընդ որում, Ալիևը, որքան էլ առաջին հայացքից իրեն տարօրինակ կամ իրականությունից կտրված ղեկավարի պես պահի, նա հոյակապ հասկացել է, որ հենց իր պետության շահերից է բխում չհայտնվել ամբողջական կախվածության մեջ մեկ երկրից, անգամ, երբ այդ երկիրը Թուրքիան է, ուստի նրան թեկուզ և թուլացած, բայց ռուսական որոշակի ներկայություն պետք է։
Հիմա բերեմ մեկ այլ դրվագ՝ որպես օրինակ ոչ վաղ անցյալից, որ տեսնեք, թե Ալիևը ինչպես է վարվում ԱՄՆ-ից եկող առաջարկների հետ, ավելի ստույգ՝ ինչպես է իր մերժումն օգտագործում այլ կողմերի հետ բանակցություններում։
2023 թվականին Արցախում հայերի դեմ տեղի ունեցած էթնիկ զտումից ու բռնի տեղահանումից հետո` նույն տարվա նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղարի օգնական, Եվրոպական և Եվրասիական հարցերի գծով Ջեյմս Օ’Բրայենը հայտարարեց, որ «չի կարող լինել սովորական գործնական հարաբերություններ Ադրբեջանի հետ, քանի դեռ առաջընթաց չկա Հայաստանի հետ խաղաղության հարցում» (բառացի նա ասել էր՝ "no business as usual with Azerbaijan"):
Այս հայտարարությունից ամիսներ անց՝ 2024 թվականի հունիսին, նույն Ջեյմս Օ’Բրայենը մեկնում է Բաքու և հանդիպում Ալիևի հետ։ Այնտեղ, ամերիկացի պաշտոնյան անդրադառնում է Միջին միջանցքի նախաձեռնությանը՝ ընդգծելով դրա կարևոր դերը տարածաշրջանում։ Նա շեշտում է Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը՝ որպես այլընտրանքային ուղիներ տրամադրող մի երկիր Կենտրոնական Ասիայի արտահանման համար՝ առաջարկելով շրջանցել Ռուսաստանն ու Չինաստանը։ «Գոյություն ունեն կարևոր հնարավորություններ Ադրբեջանի համար՝ Կասպից ծովով առևտուրը գլոբալ շուկաներ ուղղորդելու համար, լինի դա Վրաստանի միջոցով, թե հնարավոր է՝ Հայաստանի և Թուրքիայի տարածքով դեպի Սև ծով»,-ասել էր Օ’Բրայենը հանդիպման ժամանակ։
Այս հանդիպումից հինգ օր անց Ալիևը Աստանայի գագաթնաժողովում Չինաստանի նախագահ Սի Ցզիպինի հետ ստորագրեց համապարփակ «ռազմավարական գործընկերության» հռչակագիր ու հայտարարեց ԲՐԻԿՍ-ին միանալու որոշման մասին։ Հետո ավելի հեռուն գնաց ու հեգնեց ամերիկացիներին իրենց իսկ "no business as usual with Azerbaijan" սկզբունքից արագորեն հրաժարվելու ու Ադրբեջանին ուղղված առաջարկներով հանդես գալու համար։
Հիմա, խաղարկվում է նմանատիպ սցենար, որի միջոցով, Ալիևը իր մերժումը վաճառելու է տվյալ դեպքում մի քանի կողմի վրա, փոխարենը նա շահում է նոր խաղաքարտեր ու դրանով բարձրացնում է իր ստորագրության գինը «խաղաղության պայմանագիր» կոչված թղթի համար՝ տարբեր խաղացողների, առաջին հերթին՝ հենց ամերիկյան կողմի մոտ։
Այս խաղը Ալիևին ստացվում է գլուխ բերել նաև Փաշինյանի՝ իրեն տված խաղաքարտերի շնորհիվ։ Փաշինյանն իրեն ամբողջությամբ կախվածության մեջ է դրել Թուրքիայի ու Ադրբեջանի կամքից ու անում է ճակատագրական սխալներ՝ շարունակ հրաժարվելով մեր պետության համար կարևոր լծակներից՝ այսինքն մեր ամրագրված իրավունքներից։ Սյունիքի հետ կապված ճանապարհի թեմայով Փաշինյանը շարունակ նոր առաջարկներ է անում։
Դրա համար Ալիևը հասկացել է՝ գործընթացի ձգձգման շնորհիվ «կենացները քաղցրանում են», այսինքն՝ առաջարկները դառնում են ավելի լավը, ուստի պետք է գործընթացը պահել, այլ ոչ թե արդյունք գրանցել այս պահին։ Սա հաջողվում է նաև տարածաշրջանային ու ոչ տարածաշրջանային տարբեր խաղացողների՝ Ալիևին սիրաշահելու վտանգավոր քաղաքականության շնորհիվ։
Ալիևի անսպառ քաղաքական ախորժակը մնում է չգնահատված թե՛ Երևանում, թե՛ այլ մայրաքաղաքներում։ Ըստ իս՝ Ալիևը մերժելու է ամերիկյան՝ իր համար շահավետ առաջարկը, քանի որ վստահ է՝ ստանալու է ավելին։ Վերջին 5 տարիներին նա համոզվել է դրանում։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան