ՍԱ կործանարար ալգորիթմ է, որը գործում է սարսափեցնող ճշգրտությամբ - Անանյան
Անհայտ է, թե ինչ կբերի մեզ այսօրվա լուսաբացը: Այսօրը, ամենայն հավանականությամբ ճակատագրական է լինելու` ստորության ու զազրելիության իր գագաթնակետով։
Աբու Դաբիում հուլիսի 10-ին կայանալիք ամոթալի ու դավաճանական հանդիպմանն ընդառաջ՝ հենց այն երկրի ղեկավարի հետ, որը տասնամյակներ շարունակ հայատյացություն է քարոզել, իսկ վերջին 5 տարիների ընթացքում շարունակաբար մահ է ցանել հայկական հողի վրա, մենք ականատես եղանք բեմադրված մի զզվելի տեսարանի Ազգային ժողովի պատերի ներսում։ Սա պատահականություն չէր։ Սա նախերգանք էր։ Եվ այսօրվա հավանական ասպատակությունը Մայր Աթոռի դեմ նույն ներկայացման հաջորդ գործողությունն է։ Ամեն ինչ պլանավորված է։ Ամեն ինչ ստուգված է։
ՍԱ այլևս պարզապես անձնավորություն չէ։ ՍԱ օտարի կամքի, թշնամու հաշվարկի գործառույթ իրականացնող է։ ՍԱ կործանարար ալգորիթմ է, որը գործում է սարսափեցնող ճշգրտությամբ։ ՍԱ հստակ գիտի, որ եթե ժողովուրդը լուռ դիտել է, թե ինչպես է անհետանում հայության բնօրրան Արցախը, ապա նույն լռությամբ ու անտարբերությամբ հետևելու է Էջմիածնում իրագործվող սրբապղծությանը։ ՍԱ գիտի, թե ինչպես և ում հարվածել։ ՍԱ հաշվարկել է, որ հոգևոր կապիտուլյացիան լիակատար ոչնչացումից առաջ վերջին փուլն է։ ՍԱ վստահ է, որ անտարբերությունը, վախն ու ցինիզմը դարձել են իր պատկերացրած Հայաստանի հանրային նոր սոցիալական վարքագծային բնորոշիչներ։
Սա վերջին արարն է` թշնամու կողմից ծրագրված և ՍՐԱ ձեռքով իրականացվող ռազմավարական ծրագրի վերջին արարը։ Տեղի ունեցողը հայ ազգի՝ որպես սուբյեկտի, հետևողական ապամոնտաժումն է։ Եվ եթե լուռ հետևելու ենք, որ ՍԱ թելադրի մեր ճակատագրի ուրվագծերը, ապա հեռու չէ այն օրը, երբ Հայկական հարցը կանհետանա ոչ թե այն պատճառով, որ այն լուծվել է, այլ որովհետև չի մնա որևէ մեկը, որ կբարձրացնի այն։
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան