Լեռնային Ղարաբաղից բռնտեղահանված 78 քաղաքացի աշխատանքի է անցել ՆԳՆ համակարգում
Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներից 78-ը այս պահին արդեն ներգրավված են ՀՀ ՆԳՆ համակարգում։ Այս մասին հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարման նախնական հաշվետվությունը։
Նախարարի խոսքով՝ նշված անձանցից 15-ը քաղաքացիական ծառայողներ են, իսկ 63-ը՝ ոստիկանության աշխատակիցներ։
«Աշխատանքի ընդունման գործընթացը շարունակում է ակտիվ ընթացք ունենալ։ Ոստիկանության համակարգում ընդգրկվելու համար անհրաժեշտ է անցնել սահմանված կարգով համապատասխան ստուգումներ։ Կարող եմ վստահ ասել, որ այս առումով մենք դրական պատկերի առջև ենք կանգնած՝ ունենք բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ, որոնք հաջողությամբ անցնում են այդ փուլերն ու համալրում ՆԳՆ շարքերը»,– ասաց Սարգսյանը։