«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ԿԲ եզրակացությունը եւ ԿԲ 2024 թ. վարչական ծախսերի ու կապիտալ ներդրումների կատարման վերաբերյալ տեղեկատվությունն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Եզրակացության կազմման շրջանակում ԿԲ-ն առաջնորդվել է կատարողականի վերաբերյալ երեք մոտեցմամբ՝ միջնաժամկետ պարտքի կայունության ապահովում, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածություն ու դիրք, ինչպես նաեւ երկարաժամկետ աճին նպաստելու ուղղությամբ գնահատականների ներկայացում:
Մարտին Գալստյանն անդրադարձել է մակրոտնտեսական միջավայրին, հարկաբյուջետային քաղաքականությանը, խոսել տնտեսական աճի ու գնաճային միտումներից, այս համատեքստում էլ ԿԲ վարած քաղաքականության մասին:
Հաշվետու տարում որոշակի նվազել են բյուջեի պակասուրդի ֆինանսավորման ծախսերը՝ պայմանավորված դրամավարկային քաղաքականության աստիճանաբար մեղմման արդյունքում պետական պարտատոմսերի տոկոսների նվազմամբ: 2024 թ. հարկաբյուջետային քաղաքականությունը հիմնականում կրել է չեզոք բնույթ:
Չնայած շարունակվող մարտահրավերներին եւ անորոշություններին, ինչպես նաեւ տնտեսական աճի դանդաղմանն ու կառուցվածքային առանձնահատկություններին՝ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության արդյունավետ համադրման շնորհիվ 2024 թ. հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում: Այնուամենայնիվ, ձեւավորված մակրոտնտեսական անորոշությունների պայմաններում 2024 թ. իրականացված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները շեղվել են միջնաժամկետ եւ երկարաժամկետ նախանշված թիրախներից: Այս համատեքստում, ըստ Մարտին Գալստյանի, ԿԲ-ն կարեւորում է տնտեսական աճի կաուցվածքային առանձնահատկություններից բխող անհրաժեշտ ոլորտային վերաբաշխման միջոցառումների, ինչպես նաեւ պետական կապիտալ ծախսերի նախատեսված ծավալների ապահովման ահրաժեշտությունը: Միջնաժամկետ հատվածում հարկաբյուջետային կայունության եւ տնտեսական խթանների արդյունավետ համադրման շրջանակում Կենտրոնական բանկն ընդգծում է կառավարության նպատակադրված թիրախներն ապահովող արդյունավետ միջոցառումների հետեւողական իրականացման կարեւորությունը:
ԿԲ-ի վարչական ծախսերի նախահաշիվը հաշվետու տարում 10.3 մլրդ դրամ է կազմել, որի դիմաց կատարողականը եղել է 84 տոկոս: Վարչական ծախսերի կատարողականի 99 տոկոսը կազմել են ապարատի պահպանման ծախսերը, որոնց գծով կատարողականը կազմել է 84 տոկոս: Կապիտալ ներդրումների ծրագրի գծով կատարողականը կազմել է 2 մլրդ դրամ:
«Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, էական առումներով, տալիս է ճշմարիտ եւ իրական պատկեր: Հաշվեքննիչ պալատը 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում»,- ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը:
Հաշվեքննիչ պալատն իրականացրել է եռամսյա բյուջեների կատարման 32 հաշվեքննություն: 83 անհամապատասխանություն է արձանագրվել 8 գերատեսչությունում, 3 մարմնում արձանագրվել է 6 խեղաթյուրում: Խեղաթյուրումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 3,1 մլրդ դրամ: Արձանագրված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների հիման վրա ներկայացվել են 48 կանխարգելիչ եւ ուղղիչ բնույթի առաջարկներ:
Խոսելով հաշվետու տարում Հաշվեքննիչ պալատի բյուջեի կատարման հիմնական ցուցանիշների մասին՝ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ ՀՊ ծախսերը կազմել են ավելի քան 1 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրի 88 տոկոս կատարողական:
Հաշվետու տարում հրապարակվել են Հաշվեքննիչ պալատի իրականացրած 41 հաշվեքննության արդյունքները: