Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:
Աղբյուրը հաղորդում է, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են մի շարք պատժամիջոցներ սահմանել Նիդեռլանդների դեմ, այդ թվում նաև արգելել այդ երկրի դեսպանի մուտքը Թուրքիա, ինչպես նաև չընդունել Նիդեռլանդներից եկող դիվանագիտական թռիչքները:
Reuters-ը նկատում է, որ պատժամիջոցները զուտ դիվանագիտական են և որևէ կերպ չեն առնչվում տնտեսությանը, զբոսաշրջությանն ու շարքային քաղաքացիներին:
«Մենք ձեզ հետ կվարվենք ճիշտ այնպես, ինչպես դուք վարվեցիք մեզ հետ: Մենք թույլ չենք տա նիդեռլանդցի դիվանագետներին ու դեսպաններին տեղափոխող ինքնաթիռներին օգտվել մեր օդային տարածքից կամ վայրէջք կատարել մեզ մոտ»,- հայտարարել է փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը:
«Եվրամիությունը կոչ է անում Թուրքիային խուսափել ավելորդ գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ավելի լարել իրավիճակը»,-ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության գծով հանձնակատար Յոհաննես Հանի համատեղ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ եթե սահմանադրակա փոփոխությունները Թուրքիայում ընդունվեն ապրիլի 16-ի հանրաքվեում, դրանք կգնահատվեն ըստ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր և Եվրոպայի խորհրդի անդամ Թուրքիայի ստանձնած պարտավորությունների, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հրաժարվել է կառավարության անունից ներողություն խնդրել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռի մուտքը երկիր կասեցնելու համար:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մտադիր էր մարտի 11-ին մասնակցել Ռոտերդամում կայանալիք տեղաբնակ թուրքերի հանրահավաքին և քարոզել հօգուտ Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի, սակայն նրա ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել:
Իսկ Թուրքիայի ընտանեկան գործերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայեն Քայան փորձել է ցամաքով մուտք գործել Նիդերլանդներ հանրահավաքին մասնակցելու նպատակով, սակայն հոլանդական ՆԳՆ-ն փակել է ճանապարհը, իսկ նրան հայտարարել են «անցանկալի օտարերկրացի» և արտաքսել են երկրից: