Քննարկվում է շտապօգնության մեքենաներին տեսախցիկներ տեղադրելու հարցը. Ավանեսյան
Լուսանկարը` www.facebook.com/@Yerevan.Ambulance
Հայաստանում կարող է իրականացվել շտապօգնության մեքենաները տեսախցիկներով կահավորելու ծրագիր։ Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ապրիլի 30-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Արդեն իսկ քննարկում ենք շտապօգնության մեքենաների վրա տեսախցիկներ տեղադրելու հարցը, որպեսզի թե՛ չզիջման, թե՛ այլ հարցերի հետ կապված ավելի ընդհանրական պատկեր ունենանք», — նշել է նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ բռնության նկատմամբ բոլորս պետք է զրո հանդուրժողականություն ունենանք՝ անկախ նրանից, թե բռնության հեղինակը ով է, և ում նկատմամբ է այդ բռնությունը կիրառվում։ Նա ընդգծել է, որ գերատեսչությունը հետևողական գնում է նրան, որ քրեական գործերի շրջանակում այդ անձինք հավուր պատշաճի պատասխանատվություն կրեն։
Նախարարը նաև հայտնել է մասնագիտական հանրության հետ անձնակազմի ինքնապաշտպանական միջոցների հարցի քննարկման ծրագրերի մասին։
«Պետք է նաև մասնագիտական հանրության հետ քննարկենք, թե անձնակազմի ինքնապաշտպանական միջոցների հետ կապված ինչպիսի՞ միջազգային փորձ կա, ի՞նչ միջոցներ կան, որ մենք կարող ենք տրամադրել։ Շտապօգնության բրիգադի աշխատանքից գոհ լինել-չլինելն այլ ձևաչափով, այլ տեղում պետք է արտահայտի, և բացառվի որևէ մեկի նկատմամբ բռնության կիրառումը», — ընդգծել է Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ օրերս զինված քաղաքացին կանչի վայրում հարձակվել էր Հանրապետական շտապօգնության ծառայության՝ Աշտարակի բրիգադի բուժաշխատողների վրա։ Տուժել էր շտապօգնության վարորդը։ Նախարարը դատապարտել էր տեղի ունեցածը՝ անընդունելի համարելով բուժաշխատողների հանդեպ բռնության ցանկացած փորձ ու դրսևորում։