Հյուսիս-հարավ մայրուղի. կառավարությունը հաստատեց ԱԶԲ-ի հետ վարկային համաձայնագիրը
Լուսանկարը` BMG
Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց Ասիական զարգացման բանկի հետ վարկային համաձայնագրի վավերացման որոշման նախագիծը՝ ուղղված Սիսիան-Քաջարան ռազմավարական մայրուղու հյուսիսային հատվածի կառուցմանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հաղորդմամբ, Սիսիան-Քաջարան ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 60 կիլոմետր, որը բաժանված է երեք մասի: Այսօր քննարկվող համաձայնագիրը վերաբերում է հենց հյուսիսային հատվածին:
«Այս ենթահատվածի ընդհանուր արժեքը կազմում է 335 միլիոն եվրո, որից 236 միլիոնը տրամադրվելու է ԱԶԲ-ի հետ այս համաձայնագրի շրջանակներում», - պարզաբանեց նախարարը:
Հատկացված միջոցներով նախատեսվում է կառուցել 27,1 կիլոմետր երկարությամբ ժամանակակից եռագոտի ճանապարհ՝ 11 մետր լայնությամբ, որն ընդգրկում է մի քանի թունելներ և բազմաթիվ կամրջային կառույցներ: Նոր ենթակառուցվածքի շնորհիվ առավելագույն արագությունը հատվածում կավելանա ներկայիս 50 կմ/ժ-ից մինչև 100 կմ/ժ, ինչը հնարավորություն կտա կրճատել այս հատվածով երթևեկության ժամանակը մոտ 1,5-2 ժամով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վերջերս այցելել է Մեղրի և Թալին, գոհունակություն հայտնեց Հյուսիս-հարավ նախագծի իրականացման տեմպերից:
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման մեր ծրագրերն արդեն իրականացվել են 70-80 տոկոսով: Մենք կանգնած ենք այս ռազմավարական նախագծի վերջնական և վճռորոշ փուլի շեմին», - նշել է կառավարության ղեկավարը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ եթե մինչև ընթացիկ տարվա վերջը հաջողվի մրցույթի արդյունքներով ընտրել կապալառուին, ապա Քաջարանից հետո ընկած թունելի և ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ևս կավարտվեն նախատեսված յոթ տարվա ընթացքում:
Հաստատված ժամանակացույցի համաձայն, հյուսիսային հատվածի աշխատանքների ամբողջական ավարտը նախատեսված է 2033 թվականի նոյեմբերին: