30.04.2025
Լուսանկարը` pastinfo
prev Նախորդ նորություն

Հայաստանի կառավարությունը վերանայել է «Լիդիան Արմենիա»-ի ֆինանսավորման պայմանները

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Ապրիլի 30-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր որոշում է ընդունել, որի նպատակն է ապահովել «Լիդիան Արմենիա» ընկերության բնականոն գործունեության շարունակությունը։


Որոշումը հանդիսանում է ընկերության գործունեության աջակցությանն ուղղված միջոցառումների շարունակություն։


Ավելի վաղ՝ փետրվարի 27-ին, գործադիրը որոշել էր տրամադրել մինչև 150 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային երաշխիք՝ Հայաստանի բանկային համակարգից մինչև հինգ տարի մարման ժամկետով, մինչև 9% անվանական տոկոսադրույքով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով։


Ընկերության և առևտրային բանկերի միջև բանակցությունների արդյունքում փոխվել է վարկատու բանկերի կազմը, ինչի պատճառով անհրաժեշտ էր վերանայել և փոփոխել կառավարության՝ բյուջետային երաշխիք տրամադրելու մասին նախկին որոշման բովանդակությունը։ Այդ պատճառով էլ ներկայիս նախագիծը ներառվել և ընդունվել է գործադիրի նիստում։


Նշվում է, որ նախագծի ընդունումը միտված է ապահովելու «Լիդիան Արմենիա»-ի ֆինանսավորման ընթացիկ գործընթացների կայունությունն ու ընկերության գործառույթների շարունակականությունը։


ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծրագրի լիարժեք իրականացումը զգալի ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա: Ակնկալվում է, որ հանքի գործունեության ուղղակի և անուղղակի ազդեցությունը տարեկան կավելացնի Հայաստանի ՀՆԱ-ն 1,0-ից 1,5%-ով: Շրագիրն ունի նաև այլ սոցիալ-տնտեսական ազդեցություն. շինարարության փուլում կստեղծվի ավելի քան 1000 աշխատատեղ, իսկ շահագործման ժամանակաշրջանում մշտական աշխատանք կստանան շուրջ 700 մասնագետներ ընկերության տարբեր ստորաբաժանումներում:


Հարկ է նշել, որ երաշխիքի տրամադրումը կմեծացնի երկրի բյուջեի պարտքային բեռը: Կանխատեսումների համաձայն, 2025 թվականին Հայաստանի պետական պարտքն արդեն կգերազանցի օրենքով սահմանված ՀՆԱ-ի 50% շեմը և կհասնի 54,3%-ի: Նախատեսվող երաշխիքի գումարը կկազմի 2025 թվականի համար կանխատեսվող անվանական ՀՆԱ-ի 0,58%-ը:


Երաշխիքի տրամադրման կարևոր պայման է հանդիսանում որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում ընկերության կողմից իր ակտիվների շուկայական գնահատման վերաբերյալ անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված հաշվետվության ներկայացումը:


Ծրագրի հաջող իրականացման դեպքում ակնկալվում է պետական բյուջեի եկամուտների աճ: Սակայն երաշխիքի նյութականացման դեպքում բյուջեի ծախսերը կարող են ավելանալ մինչև 150 միլիոն դոլարի չափով:

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով