30.04.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Փաշինյանը քննադատության է ենթարկել համընդհանուր հայտարարագրման համակարգի խոչընդոտումը

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Ապրիլի 30-ին կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքում առաջացած խնդիրներին՝ արձանագրելով, որ պետական համակարգը չի հավատացել դրա իրականացմանը։


«Երբ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգն էինք ներդնում, պարզ էր, որ մեզ անհրաժեշտ է լինելու 400-500 հազար նույնականացման քարտ։ Բայց 2025 թվականի հունվարի դրությամբ թողարկման հնարավորությունը ամսական ընդամենը 10 հազար էր։ Այսինքն՝ հունվարի 1-ին մենք արդեն գիտեինք, որ 400 հազար մարդ պետք է այդ քարտն ունենա՝ հայտարարագիր լրացնելու համար, սակայն թողարկման կարողությունը շատ ցածր էր։ Եվ դրա մասին ես տեղեկացել եմ ուշ», - ասաց վարչապետը։


Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ արդեն տպագրվել է շուրջ 82 հազար նույնականացման քարտ։ Ըստ նրա՝ Երևանում և մարզերում մոտ 56 հազար քաղաքացի սպասում է, որպեսզի դիմի անձնագրային բաժանմունք։


Փաշինյանն ընդգծեց՝ իրավիճակը պայմանավորված է համակարգի ներսում դիմադրությամբ. «Ես համոզված եմ, որ մեր շատ գործընկերներ մտածել են՝ որոշել են, բայց հո չեն անելու։ Ասել են՝ կգա ժամանակը, հետաձգվելու է․ քաղաքական իրավիճակն էլ այլ է, հաջորդ տարի ընտրություններ են, կառավարությունն էլ կփոխվի»։


Վարչապետն ավելացրեց, որ տասնյակ դիմումներ է ստացել համակարգի ներդրումն էլի հետաձգելու համար։ «Եթե համակարգի ներդրումները հետաձգելու աշխարհի առաջնություն լիներ, մեր կառավարությունը առաջին տեղը կբռներ՝ բացարձակ համաշխարհային ռեկորդով։ Ինչքան մեդալ կա, կհավաքեինք», - հեգնեց Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ չի հետաձգելու բարեփոխումները․ «Որ նախարարը եկավ ու ասաց՝ հետաձգենք, աշխատանքից ազատվելու է»։

Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով