ՍԴ-ից է կախված ՀՀ ընտրությունը՝ խաղաղության և հակամարտության միջև. Փաշինյան
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ և անհրաժեշտություն՝ կատարելու ընտրություն՝ խաղաղության և հակամարտության միջև։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Բայց եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում Համաձայնագիրն Ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի և խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի ՀՀ Սահմանադրության 5–րդ հոդվածի 3–րդ կետը, որտեղ ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»",- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ սա նշանակում է, որ Խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ և, հետևաբար, Խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը և սա է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ասել, որ Ադրբեջանը պարզապես մտացածին պատրվակներով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
"Սխալ չընկալվելու համար դարձյալ ընդգծեմ․ ցանկացած մեկնաբանության դեպքում Ադրբեջանի բարձրացրած հարցերի հասցեագրման ճանապարհը ոչ թե Խաղաղության համաձայնագրի չստորագրումն է, այլ ստորագրումը։ Ու քանի որ նմանատիպ հարցադրումներ մենք նույնպես ունենք, նույնը վերաբերելի է նաև Հայաստանի Հանրապետությանը"։