16.04.2025
Սլովենիայի փոխվարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

Փաշինյանն առաջարկեց Բաքվին ստորագրել Խաղաղության համաձայնագիրն ու ՄԽ լուծարումը նույն օրը

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցություններն ավարտված։ Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ և հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


"Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ։ Դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Բազմիցս ասել եմ, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում, որպես Հայաստան–Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածքում փակելուն և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Փարատելու համար այս մտահոգությունը մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ–ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Այսինքն՝ սեղանին դնել Խաղաղության համաձայնագիրը, և ԵԱՀԿ ՄԽ կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը և նույն տեղում, նույն պահին ստորագրել թե առաջինը, թե երկրորդը։ Սա, ընդ որում, պաշտոնական առաջարկություն է",- ասաց Փաշինյանը։


Նրա խոսքով, հաջորդ հարցը, որ առաջ է քաշում Ադրբեջանը Խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում, իր այն պնդումն է, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։


"Կարծում եմ՝ այս հարցադրման նկատմամբ ճիշտ դիրքավորվելու համար, մենք նախ պետք է փորձենք ելնել այն կանխավարկածից, որ այս հարցն Ադրբեջանն առաջ է քաշում որպես անկեղծ մտահոգություն, և ոչ թե որպես Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու պատրվակ, ինչպես մտածում են մի շարք փորձագետներ",- հավելեց նա։

ՍԴ-ից է կախված ՀՀ ընտրությունը՝ խաղաղության և հակամարտության միջև. Փաշինյան
Հաջորդ նորություն next