«Վերածնվող Արցախ» շարժման ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի ԱԳՆ շենքի առջև՝ արտահայտելով իրենց անհամաձայնությունը արտաքին գործերի նախարարության ղեկավարի հայտարարությունների հետ այն մասին, որ «Արցախի հիմնախնդրի էջը փակված է»։
Ապրիլի 14-ին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները արտահայտել են իրենց անհամաձայնությունը հայկական իշխանությունների պաշտոնական դիրքորոշման հետ արցախյան հարցում։
«Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ակտիվիստները հանդես են գալիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ընդհանուր առմամբ Հայաստանի կառավարության դիրքորոշման դեմ։
«ԱԳՆ-ից կողմից հնչում են հայտարարություններ, որ Արցախի հիմնախնդրի էջը փակված է, և այդ թեման այլևս չի քննարկվում ոչ հանրային, ոչ էլ միջազգային հարթակներում։ Ոչ ոք իրավունք չունի նմանատիպ որոշումներ կայացնելու արցախյան հիմնախնդրի վերաբերյալ», - ընդգծել է Իսրայելյանը։
Նրա խոսքով, չնայած նրան, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում պարզ է, հասարակությունը պետք է պահանջի իր իրավունքների պահպանումը, որոնք կապված են ազգային ինքնության և որպես հայեր ապրելու հնարավորության հետ։
«Իշխանություն հասկացողությունը ժամանակավոր բան է, իսկ մենք ենք այստեղ ապրողը։ Ժողովուրդը դեմ է այն որոշումներին, որոնք ոչ հայանպաստ են։ Արարատ Միրզոյանը կամ իշխանությունը միանձնյա որոշումներ են կայացնում, և մենք գալիս ենք ասելու, որ դեմ ենք դրան», - հայտարարել է ակտիվիստը։
Իսրայելյանը նաև նշել է, որ ներկայիս իշխանությունների կողմից ղարաբաղյան հարցին պատասխան չունենալը չի նշանակում, որ այդ պատասխանը ընդհանրապես գոյություն չունի։
«Եթե դուք այդ կարգավիճակում եք գտնվում, ապա պետք չի այդ որոշումները կայացնել այսօր կամ այս իրավիճակից ելնելով։ Կգան ժամանակներ, կգան ղեկավարներ, որոնք այլ որոշումներ կկայացնեն։ Մենք ունենք բոլոր փաստաթղթային հիմքերը այդ հարցը բարձրաձայնելու կամ գոնե չփակելու համար», - եզրափակել է շարժման համակարգողը։