Մարտի 8-ին՝ հիշելով Ցեղասպանությունը վերապրած կանանց. «Ակօս»
Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը» Կանանց իրավունքների միջազգային օրվա առթիվ անդրադարձել է Հայոոց ցեղասպանությունը վերապրած հայ կանանց և, մասնավորապես, Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանին, ով վերածվել է Ցեղասպանությանը դիմակայած հայուհու տոկունության ու մարդասիրության խորհրդանիշի:
«Ակօսում» տպագրված հոդվածը թարգմանաբար ներկայացնում է tert.am-ը: Ավրորա Մարտիկանյանը ծնվել է 1902թ.-ին Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգում՝ հայ վաճառականի ընտանիքում: Կոտորածի ժամանակ ծնողներին ու քրոջը կորցրած 14-ամյա Արշալույսը՝ Հայոց ցեղասպանության ամենահայտնի ականատեսներից մեկը ավելի ուշ դարձավ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի հեղինակն ու նկարահանվեց գրքի հիման վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» կինոնկարում:
ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ 23 նահանգների մեծ քաղաքներում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, նաև՝ Կուբայում: Ամենուր բացառիկ հաջողություն գրանցած «Հոգիների աճուրդը» 1919-ի դեկտեմբերին հասավ նաև Մեծ Բրիտանիա և այնտեղ ենթարկվեց պետական գրաքննության։ Երկար բանակցություններից հետո այն ցուցադրվել է 1920-ի հունվարի 20-ին թագավորական Ալբերտ Հոլում, ցուցադրությունները շարունակվել են մոտ երեք շաբաթ, որից հետո դադարեցվել են։
Արշալույս Մարտիկանյանը մահացել է 1994թ.-ին՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում:
Երկրորդ գրաքննությունից հետո կրճատվել էր չորս տեսարան, ապա նորից ցուցադրվել։ Որոշ ժամանակ անց ֆիլմի ցուցադրությունը մեկընդմիշտ դադարեցվում է։ 1920-ական թվականների սկզբին ինչպես ամերիկյան, այնպես էլ բրիտանական գրադարաններից գրաքննության ենթարկվեց և հանվեց նաև «Հոշոտված հայրենիք» գիրքը, վերաշարադրվեցին գերմանացի սպաների հակամարդկային արարքներին վերաբերող էջերը։
Ավելի քան ութսուն տարի կինոյի պատմաբանները փնտրել են «Հոգիների աճուրդ» ֆիլմի ինը ժապավենները, սակայն որևէ հետք չեն գտել։ Կա վարկած, որ նիտրատի հիմքով պատրաստված այդ հազվագյուտ ժապավենները ջրասույզ են եղել դեպի Բաթումի նավահանգիստ շարժվող խորտակված նավի հետ, կամ որ դրանք գողացվել ու ոչնչացվել են Բաթումում։ Ժապավենի ամբողջական տարբերակը՝ 85 րոպե տևողությամբ, ցավոք, չի պահպանվել, և միայն 1994 թվականին արգենտինահայ Էդուարդ Գոզանլյանի ջանքերով հայտնաբերվել է ժապավենից մի հատված, որի մի օրինակը պահպանվում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդում։