25.11.2024
Հայկական ընտրություններ. բռունցքներ և դանակահարություններ՝ բանավեճի փոխարեն
prev Նախորդ նորություն

Ծառուկյան. Բոլոր խնդիրների պատասխանները մենք տալիս ենք

«Ծառուկյան» դաշինքը նախընտրական քարոզչությունը մեկնարկեց Տավուշի մարզից` արդեն երկու օր է քարոզչական խմբերը նախընտրական հանդիպումներ են ունենում մարզի տարբեր բնակավայրերում, իսկ այսօր Բերդ, Նոյեմբերյան, Բագրատաշեն և Այրում համայնքներում բնակիչների հետ հանդիպում ունեցավ նաև դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:


Բերդում կայացած հանրահավաքի ժամանակ Ծառուկյանը հայտարարեց, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկը հենց սահմանամերձ գոտուց ազդարարելը պատահական չէ. նրա խոսքով՝ պետությունը հզոր կարող է լինել միայն այն ժամանակ, երբ թիկունքն է հզոր ու ապահով.


«Սահմանամերձ գոտին պետք է տարբերվի մյուս բնակավայրերից, պետության կողմից արտոնություններ ու առավելություններ պետք է տրվեն, քանի որ դուք ոչ միայն բերք ու բարիք ստեղծող եք, այլև սահման պահող: Պետության հզորությունը, սահմանի ամրությունը կախված է սահմանամերձ համայնքներից, բայց այսօր ես շատ լավ գիտեմ, թե ինչ խնդիրներ կան, ինչ խնդիրներ ունեք: Բարեգործությամբ և օգնությամբ երկիր չես կառուցի, պետք է լինի պետական մոտեցում՝ մարդիկ պետք է ուշադրություն, վերաբերմունք ստանան ու հնարավորություն ունենան ապրելու հայրենիքում»,- հայտարարեց Ծառուկյանը:


Քաղաքականություն վերադարձած և ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ԲՀԿ առաջնորդը նշեց, որ շատ լավ գիտի, թե ինչու են մարդիկ թողնում ու հեռանում երկրից ՝ հարկերը բարձր են ու չեն թողնում փոքր ու միջին բիզնեսը զարգանա, վարկերի տոկոսները ևս բարձր են, համատարած գործազրկություն է: Բայց մեկ տարի հետո, ասաց նա, այդ նույն մարդիկ կարողանում են դրսից գումար ուղարկել ընտանիքին: Այդ դեպքում, հարցրեց նա, ո՞րն է պատճառը, որ հայ մարդը իր հայրենիքում չի կարողանում աշխատել ու ընտանիք պահել.


«Պատճառը պայմաններն են՝ ժողովրդին պետք է ավելի լավ պայմաններ առաջարկենք, որպեսզի մարդիկ կարողանան ապրել ու աշխատել: Մեր ներկայացրած առաջնահերթ 15 կետերն այս բոլոր խնդիրների պատասխանները տալիս են. սկսած վարկերի տոկոսների վերանայումից, փոքր ու միջին բիզնեսը հարկերի ազատումից, մարդկանց մի քանի տարի հարկային արտոնություն տալուց, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնել, կենսաթոշակների ավելացումից: Այս ամենը մենք գիտենք ու այս ամենը հնարավոր է անել: Այդ 15 կետերը մինչև իրականություն չդառնան՝ տնտեսական ճգնաժամը խորանալու է, ներդրումներ երկրում չեն լինելու, գործազրկությունն աճելու է, արտագաղթի տեմպերն էլ չնվազեն»,- հայտարարեց Ծառուկյանը:


Առաջնային խնդիրը, որ հուզում է գյուղացիներին, նշեց նա, վարկային տոկոսներն են, որոնք շատ բարձր են՝ մինչև 20 տոկոս հասնող: Էլ ինչպե՞ս գյուղացին շահույթ ստանա նման տոկոսների պարագայում: Գագիկ Ծառուկյանը մեջբերեց նաև պաշտոնական վիճակագրություն՝ Հայաստանում կա 650 հազար ընտանիք և 1 մլն 400 հազար վարկառու: Այսինքն՝ յուրաքանչյուր ընտանիքի երկու-երեք անդամը վարկառու են՝ այստեղից վերցնում են այնտեղ են փակում և այդպես շարունակ:


Ի դեպ Բերդում Գագիկ Ծառուկյանին մոտեցավ մի կին և տեղեկացրեց, որ ամուսնուն այսօր կանչել են աշխատավայր՝ գազի վարչություն և տեղեկացրել, որ աշխատանքից ազատման դիմում պետք է գրի, քանի որ ԲՀԿ անդամ է: Ծառուկյանի խոսքով՝ նման բան չի կարող լինել, բայց երբ բնակչուհին պնդեց՝ ԲՀԿ առաջնորդը հորդորեց ընտրատարածքից առաջադրված թեկնածուներին զբաղվել այդ հարցով և խոստացավ, որ այդ ամենն անպատիժ չի մնա:


Մինչ Գագիկ Ծառուկյանը Բերդում, Նոյեմբերյանում և այլ բնակավայրերում հանրահավաքների ձևաչափով շփվում էր բնակիչների հետ, քարոզչական ծմբերը հանդիպումներ էին անցկացնում այլ համայնքներում: Մասնավորապես, սահմանապահ Դովեղում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը բարձրացրեց ամենացավոտ հարցերից մեկը՝ ինչո՞ւ առաջնագծում, որտեղ վերջին շրջանում այդքան լարված իրավիճակ է, բարձրաստիճան պաշտոնյաների գեթ մեկ զավակ չես տեսնի. «Այդ խնդիրը, ինչպես նաև այն, որ 18 տարեկան զինվորը չպետք է լինի առաջնագծում, այնտեղ պետք է լինեն միայն պայմանագրայինները, մենք միշտ բարձրաձայնել ենք և շարունակելու ենք բարձրաձայնել»,- հավաստիացրեց Մելքումյանը: Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հրավիրեց մարզի ՀՀԿ պատասխանատուներին հենց մարզում իր հետ բանավեճի, որպեսզի նրանք թվարկեն ու ներկայացնեն, թե ի՞նչ են արել մարզում մինչ այսօր:


Նշենք, «Ծառուկյան դաշինքը» առաջարկում է առաջիկա 5 տարիներին մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում պետական ռեգիստրում որպես Ա/Ձ, կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից: Այս կետերը իրագործվելու դեպքում հնարավորություն կտան տնտեսության զարգացման համար կարևորագույն դեր ունեցող ՓՄՁ-ին կայունանալ, զարգանալ, ստանալ հաստատուն դիրք, ինչից հետո դառնալ պետության համար լուրջ հարկատու՝ ապահովելով պետական բյուջեի հարկային մուտքերի գերակշիռ մասը: Դաշինքն առաջարկում է նաև հարկային համաներում իրականացնել շուրջ 60 միլիարդ ՀՀ դրամ հարկային տույժերի ու տուգանքների մասով: Այս և մյուս ծրագրային առաջնահերթությունները միտված են Հայաստանում բիզնես միջավայրի առողջացմանը, հարկային բարենպաստ դաշտի ստեղծմանը և որպես վերջնարդյունք՝ տնտեսության առողջացմանը: