Մեր ծրագիրն ունի առանցքային հիմնադրույթ՝ խաղաղության ծրագիր: Մենք շատ կոնկրետ ծրագրերով ենք հանդես գալու: Այս մասին Կոտայքի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականին ներկայացված ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Խաղաղության ծրագրի հիմքում, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունն է: Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ակնհայտ է, որ յսօր ստատուս քվոն պահպանելու քաղաքականությունը սպառված է և Հայաստանի ու Արցախի հանրապետության անվտանգության պահպանման միակ տարբերակն ու հնարավորությունը խաղաղության համաձայնագրի կնքումն է։
«Խաղաղության այն ծրագիրը, որ 90-ականներից դրված է բանակցությունների սեղանին արձանագրում է, որ պետք է ստեղծվի ապառազմականացված բաժանարար գոտի, որտեղ Ադրբեջանն իրավունք չունի որևէ ռազմական տեխնիկա տեղադրել: Ադրբեջանը համաձայնում է, որ այդ տարածքի վրա տեղակայվեն խաղաղապահ զորքեր, այսինքն՝ Ադրբեջանը պաշտոնապես ընդունելու է, որ ինքը հրաժարվելու է բռնության, ուժի կիրառման սպառնալիքով Հայաստանի և Արցախի հետ որևէ վեճ լուծելու տարբերակից», - ներկայացրեց Զուրաբյանը: Եվ որ ամենակարևորն է, շարունակեց նա, Ադրբեջանն ընդունելու է, որ Արցախին տրվի միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ, ինչի արդյունքում Արցախի իշխանությունը կլեգիտիմացվի միջազգային հանրության կողմից:
ՀԱԿ ներկայացուցիչը պարզաբանեց՝ ստորագրելով խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը հրաժարվում է այդ տարածքի վրա իշխանությունից և Արցախի անկախության միջազգային ճանաչման ճանապարհին հսկայական քայլ է արվում.
«Մենք խոսում ենք իրատեսական խաղաղության մասին, որտեղ չկան պարտվողներ և հաղթողներ»,-հավելեց նա: Բացի խաղաղությունից՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը իր նախընտրական ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացրել նաև սոցիալական խնդիրներին: Լևոն Զուրաբյանը կրկնեց իրենց նախընտրական խոստումներից մեկը՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագինը 25 տոկոսով նվազեցնելու մասով, հավաստիացնելով, որ դա լոկ խոսքեր չեն կամ օդից վերցրած հաշվարկ չէ, այլ իրատեսական հաշվարկ, որը կատարել է ՀԱԿ տնտեսական հանձնաժողովը՝ ուսումնասիրելով գնագոյացման ձևավորման մեթոդաբանությունը:
Նշենք, որ դաշինքի թիրախում են նաև արտաքին քաղաքականության վերաբերող այլ հարցեր: Մասնավորապես այն, որ Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ և առանց այն պատմաբանների հանձնաժողովի, որը կասկածի տակ է առնում Հայոց ցեղասպանությունը: Դաշինքում վստահ են, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորելուց և տարածաշրջանի բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելուց հետո մեր երկրի համար կբացվեն բոլոր ճանապարհներն ու կոմունիկացիաները, որոնք հնարավորություն կտան ոչ միայն զարգացնել տնտեսությունը, այլև ներգրավվել տարածաշրջանի տնտեսական բոլոր խոշոր նախագծերում: