19.03.2025
Գյումրիում ՔՊ-ն պարտվում է և վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների. Աղազարյան
prev Նախորդ նորություն

Կընդլայնվեն էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը և ծավալները

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանն առաջարկում են փոփոխություններ և լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առաջարկն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ին գումարված նիստի ընթացքում:


Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ 2018 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական բարեփոխումներով մեկնարկել է էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման և շուկայի նոր մոդելին անցման գործընթացը: Բացի այդ, շուկայի ազատականացման արդյունքում սպառողների համար ստեղծվել է հնարավորություն մինչ այդ գործող միակ մատակարարի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի փոխարեն ընտրելու նաև այլ՝ մրցակցային մատակարարների: Ներկայում էլեկտրաէներգետիկական շուկային մասնակցության նպատակով լիցենզիա է ստացել շուրջ 22 մատակարար, որոնցից, սակայն, շուկայում փաստացի գործունեություն են ծավալում միայն վեցը, ինչը, ըստ բանախոսի, խնդրահարույց է:


Նշվել է, որ շուկայում գործող վեց մատակարարներից իրենց առևտրի ծավալներով առաջինից երրորդ տեղերում գտնվող ընկերությունների առևտրի ծավալները տարբերվում են ավելի քան հինգ անգամ:


Պատգամավորները վերոնշյալ խնդիրը լուծելու նպատակով, մասնավորապես, առաջարկում են օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից օգտվող՝ բնական ջրահոսի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններում, արևային և հողմային կայաններում էլեկտրաէներգիա արտադրողներին հնարավորություն տալ առաջիկա երկու տարիների ընթացքում հրաժարվել էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից և մուտք գործել մրցակցային շուկա՝ առանց այդ երաշխիքի վերականգնման իրավունքի:


Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ առաջարկվող իրավակարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատվածում էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը և վաճառվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ խթանելով ազատական շուկայի զարգացումը:


Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ օրինագծի մշակման փուլում հանդիպումներ են ունեցել տնտեսավարողների հետ, լսել նրանց կարծիքները:


Հարակից զեկուցող, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, ներկայացնելով դրական դիրքորոշումը, անդրադարձել է տնտեսավարողներից մի քանիսի դժգոհություններին՝ դրանք անվանելով անհիմն:


Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:


ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրական հարկման և շրջանառության հարկով հարկման համակարգից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխել միայն իրավաբանական, հաշվապահական, գլխամասային գրասենյակների, կառավարման հարցերով խորհրդատվության, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություններ ծավալող ընկերություններին:


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ վերոնշյալ փաթեթը երկար քննարկում է անցել, դրա վերաբերյալ եղել են նաև խորհրդարանական լսումներ. արդյունքում հեղինակները պատրաստակամություն են հայտնել առաջարկների հիման վրա առաջին ընթերցումից հետո օրինագիծը խմբագրել: Նա նշել է հատկապես փաստաբանական ծառայություն մատոցողներին՝ շեշտելով, որ նրանց անվճար ծառայություն մատուցելու 5 տոկոսի չափով քվոտա է տրվում:


Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


 

Լուսանկարը՝ ejc.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր