Արարատ Միրզոյանը սուր բանավեճի մեջ է մտել լրագրողների հետ
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հայաստանի կառավարության այսօրվա նիստից հետո լարված միջադեպ տեղի ունեցավ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և մամուլի ներկայացուցիչների միջև։ Երբ լրագրողները նախարարին առաջարկեցին մոտենալ ճեպազրույցի համար, Միրզոյանը շարունակեց քայլել՝ չկանգնելով։
Իրավիճակը սրվեց, երբ լրագրողներից մեկը նախարարի հետևից նետեց սադրիչ հարց. «Մենակ թուրք գործընկերների համար եք գնում, պարոն Միրզոյան»։ Այս դիտողությունից հետո նախարարը շրջվեց և մոտեցավ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
«Նախ, ես ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք, ոչ արհեստավարժ։ Երկրորդ՝ սա լրագրողական մասնագիտական գործունեություն չէ, սա քաղաքական ակցիա է։ Ամոթ ձեզ», - կտրուկ պատասխանեց արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը։
Ի պատասխան՝ լրագրողներից մեկը հակադարձեց. «Ամոթ ձեզ, որ գալիս ամոթանք եք տալիս ու գնում եք»։ Միրզոյանը, որն արդեն սկսել էր հեռանալ, վերադարձավ և ավելացրեց. «Երբ որ ձեզնից որևէ մեկն ասում է՝ մենակ թուրք գործընկերներին եք պատասխանում, լրիվ իրավունք ունեմ ասելու՝ ամոթ ձեզ, իսկ դուք ձեր չափի մեջ մնացեք»։