13.03.2025
ՏԿԵ նախարարի տեղակալը և Ղազախստանի դեսպանը քննարկել են ուղիղ չվերթերի վերականգնումը
prev Նախորդ նորություն

Մենք պայքարել ու պայքարելու ենք մեր պատմական հայրենիք հավաքական վերադարձի համար

Լուսանկարը՝ panorama.am
Լուսանկարը՝ panorama.am

2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Դաշնային խորհուրդը, ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։


Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց շնորհակալական հավաքի ժամանակ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը շատ կարևորեց այս որոշումը։


«Տարբեր ուժեր, ինչպես դրսում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, փորձում են ներկայացնել իրավիճակն այնպես, որ Ղարաբաղի հարցը փակված է, նման հարց ընդհանրապես չկա, ինչին մեր վճռական անհամաձայնությունն ենք հայտնում։ Մենք պայքարել ու պայքարելու ենք մեր պատմական հայրենիք մեր հավաքական վերադարձի համար»,-նշեց Բաղունցը։


Հավաքի ժամանակ մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Շվեյցարիայի խորհրդարանին ստորին պալատի կողմից ձեռնարկված քայլերի համար և կոչ արեցին Վերին պալատին ևս ընդունել բանաձևը, ինչպես նաև դիմեցին Շվեյցարիայի կառավարությանը՝ օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում։


«Եթե մարտի 18-ի նիստում Վերին Պալատն էլ դրական որոշում կայացնի, ապա կառավարությունը լսումներ պետք է կազմակերպի, ինչը մեծ ռեզոնանս կառաջացնի այս թեմայով»,-ընդգծեց Բաղունցը։


Հավաքի մասնակիցները նամակ-խնդրագիր հանձնեցին Շվեյցարիայի դեսպանատանը, որում գրված է՝ «Արցախից բռնի տեղահանված 150,000 քաղաքացի ամեն օր երազում է իր հայրենի տուն վերադառնալու մասին ու Ստորին պալատի ընդունած բանաձևն իրենց հույս է տվել, որ դա հնարավոր է իրականություն դարձնել»:


 

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հաջորդ նորություն next