10.03.2025
Լուսանկարը` 1step.am
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ժողովրդի իրավունքների հանձնախումբը միջոցառումների կմասնակցի Վաշինգտոնում, Բրյուսելում

Լուսանկարը` Վարդան Օսկանյանի էջից
Լուսանկարը` Վարդան Օսկանյանի էջից

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը շաբաթ օրը Երևանում հանդիպում է ունեցել ամբողջ կազմով։ Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ Հանձնախումբը մտել է ջանքերի վճռորոշ փուլ. «Առաջիկա ամիսներին այն մասնակցություն կունենա Վաշինգտոնում, Բրյուսելում, Ժնևում և այլ քաղաքներում կազմակերպվելիք միջոցառումներին, ինչպես նաև կունենա բարձր մակարդակի հանդիպումներ, որոնք միտված են ձևավորելու միջնորդական գործընթացի համար անհրաժեշտ դիվանագիտական մթնոլորտ»։


Հանձնախումբը, որը ղեկավարում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ստեղծվել է 2023-ի աշնանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումից հետո։ Հանձնաժողովը, ի շարս արցախցիների բազմապիսի իրավունքների պաշտպանության՝ պայքարում է Արցախի ժողովրդի վերադարձի համար՝ միջազգային երաշխիքների ներքո։


Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Հանձնախումբն աշխատել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ, ինչպես նաև հայկական մշակութային ու կրոնական ժառանգության և ունեցվածքի պաշտպանության ապահովման նպատակով։


«Վերջին տարվա ընթացքում միջազգային համայնքի հետ շարունակական համագործակցության արդյունքում աճել է աջակցությունը վերադարձի իրավունքին։ Տեղահանված ժողովուրդների վերադարձի իրավունքը ամրագրող միջազգային իրավական և դիվանագիտական նորմերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը լրացուցիչ ամրապնդվել է ՄԱԿ-ի Արդարատադության միջազգային դատարանի 2023-ի նոյեմբերի 17-ի որոշմամբ և Եվրոպական խորհրդարանի 2024-ի մարտի 12-ի և հոկտեմբերի 25-ի բանաձևերով, որոնք, վերահաստատելով Արցախի ժողովրդի իրավունքները, կոչ են անում Ադրբեջանին ապահովել անվտանգ վերադարձ»,- նշվում է հաղորդագրությունում։


Հանձնախումբը հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, հրապարակայնորեն աջակցել են վերադարձի իրավունքին։


«Վերջերս Շվեյցարիայի Ազգային խորհուրդն ընդունել է առաջարկ, որը կոչ է անում ստեղծել հարթակ, որտեղ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են ներգրավվել երկխոսության մեջ։ Նմանատիպ մի քանի բանաձևեր քննարկվում են եվրոպական մայրաքաղաքներում և ԱՄՆ Կոնգրեսում։ Այս զարգացումները վկայում են լայն միջազգային համաձայնության մասին և հիմքեր ստեղծում հետագա շարունակական աշխատանքների համար։


Հիմնվելով առկա ձեռքբերումների վրա՝ Հանձնախումբը մտել է իր ջանքերի վճռորոշ փուլ։ Առաջիկա ամիսներին այն մասնակցություն կունենա Վաշինգտոնում, Բրյուսելում, Ժնևում և այլ քաղաքներում կազմակերպվելիք միջոցառումներին, ինչպես նաև կունենա բարձր մակարդակի հանդիպումներ, որոնք միտված են ձևավորելու միջնորդական գործընթացի համար անհրաժեշտ դիվանագիտական մթնոլորտ»,- նշվում է հաղորդագրությունում։


Հանձնախումբը որոշել է մեծացնել ջանքերը Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ՝ «ընդգծելով Հայաստանի կառավարության մտահոգիչ անգործությունը»։ Այն կոչ է արել միջազգային դերակատարներին, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ստանձնել գլխավոր դերակատարություն՝ ապահովելու բոլոր հայ պատանդների ազատ արձակումը։

Լուսանկարը` moj.am
Հաջորդ նորություն next