Քաոս հեղուկ գազի շուկայում. գները Հայաստանի տարբեր բնակավայրերում տատանվում են կրկնակի
Լուսանկարը` 1step.am
Հայաստանի հեղուկ գազի շուկայում ստեղծվել է անհասկանալի իրավիճակ՝ հսկայական գնային տարբերությամբ՝ մեկ բնակավայրում 90 դրամից մինչև 190 դրամ մեկ այլ վայրում: Մայրաքաղաքում հեղուկ գազի արժեքը մեկ ամսվա ընթացքում 120-ից բարձրացել է մինչև 190 դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Այդպես էլ հասկանալի չէ՝ ինչու է վերջին տարիներին հեղուկ գազի արժեքն այսքան տատանվում։ Դեմպինգն է պատճառը, ներմուծման արժեքի տատանումները, թե որոշ տնտեսավարողների կողմից կամայական արժեքի սահմանումը։ Այս հարցերի պատասխանը պարտավոր է տալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը», - ընդգծել է պատգամավորը:
Դանիելյանի խոսքերով, խնդիրն առկա է արդեն ամիսներ շարունակ և ընդդիմությունը բազմիցս բարձրացրել է այս հարցը: Այսօր պատգամավորը կապ է հաստատել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ՝ գների տատանման պատճառները պարզելու համար:
Նրան հայտնել են, որ հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, ներմուծումներ են իրականացնում շուրջ 80 տնտեսավարող սուբյեկտ, և քանի որ շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, Հանձնաժողովը իրավունք չունի միջամտել իրավիճակին: Ինչ վերաբերում է որոշ գազալցակայանների կողմից շուկայականից ցածր արժեքի սահմանմանը, դա կարող է լինել մարքեթինգային քայլ՝ տվյալ ժամանակահատվածում ավելի շատ սպառողներ ունենալու նպատակով:
«Այդուհանդերձ, կարծում եմ, որ ՄՊՀ-ն պարտավոր է իրականացնել ուսումնասիրություն՝ ներկայացնելով այն պատճառները, որոնք նման իրավիճակի են հանգեցրել։ Աբսուրդ է, որ 30 կմ անցնելուց հետո ականատես ես լինում հեղուկ գազի գնի այսպիսի ակնառու և անտրամաբանական տարբերության», - նշել է Դանիելյանը:
Պատգամավորը եզրափակել է, որ պատկան մարմինների անտարբերության և անգործության հետևանքով տուժում է ՀՀ քաղաքացին՝ չիմանալով, թե ինչպես դիմակայել հերթական թանկացմանը: