Արմեն Ռուստամյան. «Խաղաղությունը հնարավոր է ռազմավարական հավասարակշռության պայմաններում»
Լուսանկարը` Sputnik
Հակամարտող կողմերի միջև իրական խաղաղությունը հնարավոր է միայն վիճելի հարցերի արդարացի կարգավորման և ռազմաքաղաքական ռազմավարական հավասարակշռության հասնելու դեպքում: Այս կարծիքն է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը մարտի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Առանց այս երկու պայմանների, ցանկացած գործընթաց կհանգեցնի միայն Հայաստանի նոր զիջումների և կորուստների: Ներկայիս բանակցություններին մասնակցում են հաղթողներ և պարտվածներ, և այս իրավիճակում անիմաստ է խոսել որևէ ռազմաքաղաքական հավասարակշռության մասին: Այսպես կոչված «խաղաղությունը» այս պայմաններում կնշանակի միայն նոր զիջումներ, կորուստներ և ազգի նվաստացում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - ընդգծել է Ռուստամյանը:
Քաղաքական գործչի կարծիքով, Հայաստանի ներկայիս իշխանությունները ժողովրդին դրել են կեղծ ընտրության առջև՝ կապիտուլյացիա կամ պատերազմ: «Նրանք ամեն ինչ անում են ցույց տալու համար, որ մենք անօգնական ենք և պետք է ենթարկվենք հակառակորդի պահանջներին: Սա վատի և վատթարագույնի միջև ընտրություն է», - հայտարարել է քաղաքական գործիչը:
Ռուստամյանը նշել է, որ ազգային ուժերի գլխավոր խնդիրն է նոր որակի կառավարություն ձևավորելը և զարգացման ազգային պետական ուղեգծի հաստատումը: «Իշխանությունների ներկայիս ուղեգիծը ապազգային է և ապապետական, այն ըստ էության սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը», - ընդգծել է ՀՅԴ ներկայացուցիչը:
Քաղաքական գործիչը նաև առանձնացրել է հայ ժողովրդի ուժի երեք հիմնական աղբյուրները՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, պաշտպանական և անվտանգային համակարգերի հրատապ վերակառուցումը և հայկական ինքնության ու պետականության պահպանման օրակարգի շուրջ համախմբման անհրաժեշտությունը:
«Թուրքիան և Ադրբեջանը իրենց պահանջների մեջ չեն ճանաչում որևէ սահման: Ամեն օր նրանք առաջադրում են նոր պահանջներ, որոնք ուղղված են մեր ինքնության և պետականության դեմ: Նրանց համար այս տարածաշրջանում հայկական գործոնի գոյությունն արդեն իսկ անընդունելի է», - եզրափակել է Ռուստամյանը: