22.04.2025
Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության աշխատանքների ամփոփման քննարկմանը
prev Նախորդ նորություն

Դա անմարդկային պայմաններում մարդ մնալու մասին ուղերձ էր. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Ռուբեն Վարդանյանի ուղերձին.


"Ես էլ շատերի նման այսօր լսել եմ Ռուբեն Վարդանյանի խոսքը։ Ես էլ շատերի նման ինձ տվել եմ հարցը՝ ո՞րն էր Ռուբենի հիմնական ուղերձը։ Ամեն մեկը, իհարկե, իր համար, կգտնի իր սեփական պատասխանը։ Դա է երևի ճիշտ ճանապարհը։
Ես կարծում եմ, որ դա անմարդկային պայմաններում մարդ մնալու մասին ուղերձ էր։

Կյանքում շատ ավելի կարևոր գաղափարներ կան, քան՝ կուսակցական շահը, պաշտոնը, անձնական շահը, նյութական շահը։ Իմ կարծիքով՝ այս ուղերձը դրա մասին էր։

Այս ուղերձը պատվով ապրելու մասին էր, և դա վերաբերում էր ազատության մեջ գտնվողներին։ Հասցեատերը մենք ենք։
Ժամանակն է՝ դադարեցնել հայկական աշխարհի պառակտվածությունն ու թշնամանքը։ Ժամանակն է՝ գնալ ազգային և պետական վերածննդի։ Ճիշտ Հայաստանը սա է։

Ես գիտեմ, որ շատերը Ռուբենին լսել են արցունքն աչքերին։ Ես Ռուբենին շատ լավ եմ ճանաչում, և ուզում եմ ասել, հասկանալով ու կիսելով ձեր բոլոր զգացմունքները. Ռուբենի խոսքը լաց լինելու մասին չէր։ Այն պինդ լինելու, սկզբունքային լինելու, արժանապատիվ լինելու, պայքարի մասին է։ Ես բոլորին կոչ եմ անում, որ հենց այս ճանապարհով մենք գնանք՝ միասնական, արժանապատիվ, ամուր և գիտակցված"։


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի միջոցով ուղերձ է հղել, որը շատերը որակեցին որպես հրաժեշտի ուղերձ: 


"Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է:


Իմ պահանջները նույնն են: Եթե դատում եք՝ դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ: Իմ գործն արհեստականորեն մի՛ առանձնացրենք: Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ [19]87 թվականից:


Մի՛ խախտեք ձեր սեփական օրենքներն ու ընթացակարգերը: Մի՛ կեղծեք փաստաթղթերը, մի՛ նենգափոխեք արձանագրությունները: Չէ որ դուք ամեն ինչ ունեք՝ իմ բոլոր գաջեթները, իմ բոլոր փաստաթղթերը: Դատը մի դարձեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու: Եթե դատում եք՝ դատեք ճիշտ:


Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետևյալը՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի",- ասում է Վարդանյանը:


Նա հավելում է իր ուղերձը հետևյալ կերպ.


"Եվ վերջինը. Ես այստեղ հասկացա, որ երբեք չի կարելի տրվել հուսալքությանը, անտարբերությանը, և հասկացա, թե ինչու է դա յոթը մեղքերից ամենասարսափելին: Մի ժամանակ կարծում էի ավելի վատ է նախանձը կամ գոռոզությունը: Մինչդեռ հուսալքությունը, վհատությունը նշանակում է, որ քո մեջ մարել է Աստծո կայծը, որ դու դադարել ես հավատալ, որ դու պարզապես ձեռքերդ բարձրացրել ու հանձնվել ես:Կոչ եմ անում՝ երբեք դա չանեք: Կուզենայի, որ մենք երբեք չհիասթափվեինք և չտրվեինք հուսալքությանը: Խնդրում եմ: Դա մեր ապագայի հիմքն է, այդ իսկ պատճառով ես գնահատում եմ այն շանսը, որ ինձ տրվել է: Ես կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ և կշարունակեմ անել, ինչ կարող եմ:


Ես բոլորիդ սիրում եմ: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես միշտ եղել եմ, կամ ու լինելու եմ ձեզ հետ: Ես մարդ եմ, որն ուզում է ապրել, սիրել և շարունակել իր գործունեությունը: Բայց ես կարծում եմ, որ այն, ինչ անում եմ, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու ձեզ այն անտարբերությունից, որում գտնվում եք:


Լյոխ լավա լինելու"...

Պակիստանցի իրավապաշտպանը մտադիր է Բաքվում ներկա լինել Վարդանյանի շինծու դատավարությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան