9.03.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողներին
prev Նախորդ նորություն

Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով ուղերձ է փոխանցել

Լուսանկարը՝ jam-news.net
Լուսանկարը՝ jam-news.net

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակային դարձնել այն: Աուդիոուղերձում նա մասնավորապես խաղաղության կոչ է հղել՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա.


Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ փոխանցված ընտանիքի միջոցով


«Հարգելի հայրենակիցներ,


Այսօր մարտի 5-ն է: Ես ուզում են ձեզ երկու խոսք ասել որպես Ռուբեն Վարդանյան, այնպիսին, ինչպես ես կամ՝ ոգով հայ, ռուսերեն մտածող ու խոսող: Աշխարհի մարդ, երջանիկ իմ կնոջ հետ միասին, բոլորին սիրող, ինքնակրթվող և հավատով առ Աստված:


Առաջին հերթին, ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել՝ մտքերով, աղոթքներով, նամակներով ինձ աջակցելու, այստեղ կատարվողի նկատմամբ անտարբեր չլինելու համար: Ես դա զգում եմ, ու դա ինձ ուժ է տալիս: Միտքը նյութական է: Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք:


Ուզում եմ ներողություն խնդրել իմ սիրելի կնոջից, իմ ընտանիքից, բոլոր հարազատներից ու մերձավորներից, որոնց իմ այս որոշումով ցավ ու հուզմունք եմ պատճառում: Բայց դուք գիտեք, որ մեզնից յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի, և ես ինձ համար այս ճանապարհն եմ ընտրել: Մեր ճակատագրերը կանխորոշված են Աստծո կողմից, իսկ ճանապարհները միշտ մենք ենք ընտրում: Եթե նույնիսկ հրաժարվում ենք մեր ընտրությունից, դա մեր փոխարեն միշտ անում է մեկ ուրիշը:


Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ իմ այս որոշումը ոչ մի կերպ պայմանավորված չէ ինձնով , իմ վիճակով կամ մեկուսարանում իմ պայմաններով, ինչպես անցած անգամ, երբ 20 օր շարունակ, մինչև ապրիլի 24 -ը, գիշերը 12 -ը հացադուլի մեջ էի: Սա... բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում այս դատական պրոցեսը:


Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է:


Իմ պահանջները նույնն են: Եթե դատում եք՝ դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ: Իմ գործն արհեստականորեն մի՛ առանձնացրենք: Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ [19]87 թվականից:


Մի՛ խախտեք ձեր սեփական օրենքներն ու ընթացակարգերը: Մի՛ կեղծեք փաստաթղթերը, մի՛ նենգափոխեք արձանագրությունները: Չէ որ դուք ամեն ինչ ունեք՝ իմ բոլոր գաջեթները, իմ բոլոր փաստաթղթերը: Դատը մի դարձեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու: Եթե դատում եք՝ դատեք ճիշտ:


Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետևյալը՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի:


Ինձ մեղադրում են ամեն ինչում, ամեն ինչում, ինչ տեղի է ունեցել [19]87 թվականից ի վեր: Խնդիր չկա. ես պատրաստ եմ կրել ամենածանր պատիժը դրա համար, միայն թե դա օգներ խաղաղության ու հանգստության հաստատմանը: Բայց պատրանք է, թե ձեզ հետո բոլորը հանգիստ են թողնելու և դուք հանգիստ կարող եք անել ձեր գործն ու վայելել կյանքը՝ չմտածելով այս խնդիրների մասին, որոնք առջևում են:


Երբ տեղափոխվում էի Արցախ, ես գիտեի ինչի եմ գնում: Ցանկացած մարդ իր կյանքում ամեն բան անում է միայն իր համար, հանուն իրեն, և Աստծո առաջ պատասխան է տալիս միայնակ՝ իր բոլոր մտքերի, խոսքերի, գործողությունների համար: Ես դրանում խորապես համոզված եմ: Եվ եթե նույնիսկ ինչ-որ մեկն իրեն զոհում է հանուն Հայրենիքի, ընտանիքի կամ սկզբունքների, դա միմիայն իր անձնական որոշումն է և իր պատասխանատվությունը: Այնպես որ, այս իմաստով ես ամեն ինչ գիտակցված եմ արել:


Չգիտեմ՝ ես կունենամ արդյոք հնարավորություն ձեզ հետ շփվելու, թե ոչ, ուստի ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբևէ նեղացրել եմ խոսքով, գործով կամ անուշադրությամբ: Ներող եղեք: Ես դա չեմ արել վատ մտքով, նախանձից, գոռոզություն կամ վրեժխնդրությունից դրդված: Ես չէի ուզենա որևէ մեկին ցավ պատճառել:


Հատուկ ուզում եմ խոսել մի մարդու մասին, որին ցավ պատճառելու միտքն այստեղ ինձ համար ամենածանրն է: Խոսքը Ալվարդի մասին է: Եթե ես Ձեր ու Ձեր ամուսնու հետ ձեր մեքենայում չգտնվեի, նա հիմա ձեր կողքին կլիներ: Խնդրում եմ ինձ ներեք: Ինձ համար դա ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով ևս մեկ մարդ այստեղ տառապում է բոլորիս հետ միասին:


Նաև ուզում եմ առանձին ներողություն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկվեցին իրենց հայրենիքից, որ չկարողացա անել ամեն ինչ, ինչ կարող էի և պետք է անեի, որպեսզի դա տեղի չունենար: Ես արեցի այնքան, որքանի համար կարծում էի բարոյական իրավունք ունեմ, քանի որ ձեզ հետ էի: Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց կանխել որոշ բաներ, որոնք իմ կարծիքով...իմ կարծիքով մեզ որպես ազգ վերջնականապես կկոտրեին: Ինձ հաջողվեց դա կանգնեցնել և մի փոքր փոխել պատմության ընթացքը:


Ես երջանիկ էի լինել ձեզ հետ, Արցախի ժողովրդի հետ այդ ծանր օրերին, ողջ ընթացքում զգալ ձեր սերը, վստահությունը, ջերմությունն ու երախտագիտությանը: Ես հպարտանում եմ ձեզնով՝ ինձ հարազատ իսկական պարզ մարդկանցով, ու սիրում եմ բոլորին:


Ես շատ երջանիկ մարդ եմ: Աստված ինձ հրաշալի ընտանիք, ընկերներ է տվել: Ես հսկայական թվով նախագծեր եմ իրականացրել իմ յուրահատուկ գործընկերների հետ: Ես շատ բան եմ տեսել աշխարհում: Բայց չնայած բոլոր դժվարություններին, շրջափակմանը, ապագայի անորոշությանը, ծանր պայմաններին, դրանք իմ կյանքի լավագույն օրերից էին. մենք միասին վերականգնում էինք Հակոբավանքը, հաց էինք կիսում և պարում մեր պարերը:


Երջանիկ եմ, որ հաջողվեց մեծաթիվ ընկերների ու գործընկերների հետ մի քանի տասնյակ նախագծեր իրականացնել Արցախում: Այդ թվում հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ մահմեդական ընկերոջը (չեմ ուզում անունը նշել՝ խնդիրներ չստեղծելու համար)` Շուշիի մզկիթը միասին վերականգնելու համար:


Հիշեք, որ չարին երբեք չի կարելի չարությամբ պատասխանել. նա դրանից մեծանում է և ավելի ու ավելի ուժեղ դառնում: Սումգայիթից հետո տեղի է ունենում Խոջալուն, և այդպես անվերջ: Այդ ճանապարհն ինձ համար միշտ անընդունելի է եղել, որովհետև այն ապագա չունի, դա միայն փակուղի է, որը, ցավոք, լավ ելք չի ունենում:


Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեծ թվով ադրբեջանցիների, որոնց հետ այստեղ առնչվել եմ, մարդկային արժեքներին նրանց հավատարմության համար, անգամ այն դեպքում, երբ նրանք ինձ թշնամի են համարում և իրենց մոտ կուտակված դժգոհություն կա: Նրանք պահպանել են իրենց մարդկային կերպարը: Իսկ բոլոր նրանց, ովքեր իրենց այլ կերպ են պահել, ես անկեղծ խղճում եմ և ներում, ինչպես նաև այն հայերին, որոնք Հայաստանում են նույն կերպ վերաբերվում ինձ և ընտանիքիս:


Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, և նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց: Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ:


Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված: Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ, էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել:


Դա մեծ պատասխանատվություն է այն էլիտայի համար, որը էլիտա է համարվում ոչ թե նրա համար, որ շատ փող, կապեր, ուժ կամ անգամ՝ ինտելեկտ ունի, այլ այն էլիտայի, որը հասկանում է, որ ում շատ է տրված, նրանից էլ ավելին է պահանջվում: Եվ այդ իրական էլիտայի մոտ անձնականը միշտ հանրության նկատմամբ պարտքից հետո է, ազգի ու երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը միշտ գերակա է անձնական բոլոր շահերի ու ցանկությունների նկատմամբ:


Եվ վերջինը՝ ի հիշատակ այս սարսափելի հակամարտության բոլոր զոհերի: Ես խորապես համոզված եմ, որ կան ավելի կարևոր բաներ, քան մեկ մարդու կյանքը. դա քո մեջ բարու, լույսի, արժեքների, սրբությունների, հոգևոր հիմքերի նկատմամբ հավատի պահպանման անհրաժեշտությունն է, որը մարդուն տարբերում է ռոբոտից: Քանի որ առանց դրա աշխարհը կխարխափի քաոսում կամ կկործանվի ջրհեղեղներից կամ ուրիշ աղետներից: Չի կարելի դառնալ ոսկե հորթի ստրուկը: Այդ ամենն արդեն եղել է մարդկության պատմության մեջ: Եկե՛ք թույլ չտանք դրա կրկնությունը և դրա համար գործադրենք բոլոր ջանքերը, քանի որ արժեքների նկատմամբ հավատը մեր ապագայի հիմքն է:


Ուստի հանուն այս հիմնարար արժեքների, հիմնասյուների և պատգամների պահպանման, որոնք ինձ համար կարևորագույն նշանակություն ունեն, ես պատրաստ եմ ինքս ինձ հետ հաշտ գնալ մինչև վերջ ու միանգամայն երջանիկ լինել։ Քանի որ երջանկությունն սկսվում և ավարտվում է քո մեջ, երբ դու ինքդ քեզ հետ ներդաշնակ ես:


Ես ուրախ եմ, որ կարող եմ ծառայել իմ ժողովրդին և այն սկզբունքներին, որոնք ես համարում եմ կարևոր ողջ մարդկության, ոչ թե միայն մեր ժողովրդի համար:


Եվ վերջինը. Ես այստեղ հասկացա, որ երբեք չի կարելի տրվել հուսալքությանը, անտարբերությանը, և հասկացա, թե ինչու է դա յոթը մեղքերից ամենասարսափելին: Մի ժամանակ կարծում էի ավելի վատ է նախանձը կամ գոռոզությունը: Մինչդեռ հուսալքությունը, վհատությունը նշանակում է, որ քո մեջ մարել է Աստծո կայծը, որ դու դադարել ես հավատալ, որ դու պարզապես ձեռքերդ բարձրացրել ու հանձնվել ես:Կոչ եմ անում՝ երբեք դա չանեք: Կուզենայի, որ մենք երբեք չհիասթափվեինք և չտրվեինք հուսալքությանը: Խնդրում եմ: Դա մեր ապագայի հիմքն է, այդ իսկ պատճառով ես գնահատում եմ այն շանսը, որ ինձ տրվել է: Ես կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ և կշարունակեմ անել, ինչ կարող եմ:


Ես բոլորիդ սիրում եմ: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես միշտ եղել եմ, կամ ու լինելու եմ ձեզ հետ: Ես մարդ եմ, որն ուզում է ապրել, սիրել և շարունակել իր գործունեությունը: Բայց ես կարծում եմ, որ այն, ինչ անում եմ, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու ձեզ այն անտարբերությունից, որում գտնվում եք:


{Շարունակում է հայերեն} Լյոխ լավա լինելու:


Վստահ եմ, որ չնայած բոլոր դժվարություններին, որոնք կանգնած են մեր առջև, մենք կհաղթահարենք դրանք: Ես ձեզ հետ եմ որպես Ռուբեն Վարդանյան, Կառլենի տղան, Համո Վարդանյանի թոռը և իմ ողջ ժառանգությամբ՝ ծնողների, նաև արցախցի տատիկի ժառանգությամբ: Շնորհակալ եմ ձեզ , որ ինձ տվել եք հայ լինելու և իմ հայրենիքը սիրելու այս երջանկությունը»:


 


 


 

Լուսանկարը՝ generalnews.am
Հաջորդ նորություն next