«Հանքի կանգառը խնդիր է ողջ տնտեսության համար». նախարար Պապոյանը՝ ԶՊՄԿ-ի գործադուլի մասին
Լուսանկարը` infocom.am
Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մեկշաբաթյա գործադուլը լուրջ մտահոգություն է առաջացրել կառավարությունում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 6-ին կառավարության նիստից հետո հայտարարել է, որ երկրի առաջատար հարկատուի աշխատանքի դադարեցումն անխուսափելիորեն ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա։
Չնայած իրավիճակի լրջությանը, կառավարությունը չի միջամտում գործադուլին՝ այն դիտարկելով որպես արհմիության և գործատուի միջև բանակցությունների առարկա։ «Մեզ համար կատարյալ տարբերակ կլինի, որ օր առաջ վերսկսվի հանքարդյունաբերական գործարանի աշխատանքը, քանի որ հանքի աշխատելը նշանակում է տնտեսության աճ և արտահանման ծավալների ավելացում», - նշել է Պապոյանը։
Փետրվարի 5-ի բանակցությունները կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների միջև ավարտվել են անարդյունք։ Գործադուլավորները պնդում են աշխատավարձի էական բարձրացման իրենց պահանջը՝ մերժելով տնօրինության առաջարկները, որոնք համարում են անբավարար։
Կոմբինատի ղեկավարությունը հայտարարել է, որ աշխատակիցների պահանջները «անիրատեսական» են՝ նշելով, որ բացի աշխատավարձից, աշխատողներին տրամադրվում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ։ Սակայն գործադուլավորները հակադարձում են այս պնդումներին՝ շարունակելով պայքարել իրենց իրավունքների համար։
Նշենք, որ Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 2024 թվականին ԶՊՄԿ-ն վճարել է 101 միլիարդ 967 միլիոն դրամի հարկեր։