Թումանյանի ծննդյան օրը «Ախթամարը» կվերակենդանանա
Թումանյանի ծննդյան օրը Ice Arena Armenia-ում տեղի կունենա պրոդյուսեր Զառա Մխեյանի «Ախթամարը»՝ սիրո մասին հավերժական լեգենդը ներկայացումը:
Այս ներկայացումը պրոդյուսերը համարում է իր մեծ և ամենակարևոր ձեռքբերումը, որը տարիներ առաջ առաջին անգամ տեղի ունեցավ Երևանի մարզահամերգային համալիրի դահլիճում : Պատմության մեջ առաջին անգամ հանրահայտ գեղասահորդները վերամարմնավորվեցին ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների կերպարներում: Հանդիսատեսն ականատես եղավ մշակութային կյանքի մի հնչեղ իրադարձության՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհի հայերի շրջանում։ Միջազգային թիմի ավելի քան 200 անդամ աշխատել էր այս վիթխարի գաղափարը կյանքի կոչելու, աշխարհի մարդկանց հայկական հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը և հպարտ ժողովրդի հոգու վեհությունը ցույց տալու համար:
Մխեյանը անոնսում է՝ շուտով նույնը կբեմադրվի մեր գեղասահորդների հետ, և սառցե ներկայացումը կցուցադրվի ամեն տարի: Բացի այս, իրենք աշխատում են նաև «Ախթամար» պարային շոու-ներկայացման վրա: Այս տարի Թումանյանի ծննդյան օրը հանրության դատին կներկայացվի իր նոր «Ախթամարը»՝ սիրո մասին հավերժական լեգենդը ներկայացումը, որի հաջողության գրավականն, ըստ նրա, հանդիսանում է իր պրոֆեսիոնալ թիմը.
«Ես ունեմ հիմնական թիմ և մասնագետներ Մոսկվայում, որոնց հետ աշխատում եմ ավելի քան 25 տարի, պատահում է, որ ներգրավում եմ մասնագետների Սանկտ Պետերբուրգից, այնտեղ շատ ստեղծագործ և առաջադեմ մարդիկ կան: Իհարկե, Երևանից էլ շատերի հետ եմ համագործակցել, միշտ հակված եմ եղել, որ ինձ մտերիմ մարդիկ լինեն իմ կողքին, նաև բարի գործ անեմ, բայց այժմ գրեթե բոլորին հեռացրել եմ իմ թիմից, ինձ ավելի հարմար է աշխատել բարձրակարգ մասնագետների հետ»:
Խոսելով նոր նախագծերի մասին նա նշեց, որ արդեն աշխատում է նոր սառցե ներկայացման վրա, որը կուղեկցվի հանճարեղ Արամ Խաչատրյանի երաժշտությամբ: Անունն առայժմ գաղտնիք է պահվում. «Մասնակցելու է տարբեր դարաշրջանների անվանի գեղասահորդների մի ամբողջ համաստեղություն, երաժշտական կատարումները՝ կինոյի, թատրոնի և մյուզիքլների աստղերի մասնակցությամբ: Դա իսկապես կլինի համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող շոու: Մենք ստեղծում ենք մի ներկայացում, որն իր մասշտաբներով, համարձակ տեսողական և բեմական լուծումներով մեծապես գերազանցում է նախկինում ստեղծվածներին":