ԵՄ-ն կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական երկխոսության մեջ
Լուսանկարը` mfa.am
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտարարել է, որ ժամանակն է դրսևորելու այն քաղաքական կամքը, որն անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը վերջնականապես շրջելու համար։ Բրյուսելում «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ կողմերն արդեն ունեն երկխոսության կանոնակարգված ձևաչափ՝ համատեղ համաձայնեցված հստակ հիմքով և շրջանակով։
Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ Բաքու կատարած վերջին այցի շրջանակներում ադրբեջանցի պաշտոնյաներից լսել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերաբերյալ հայտարարություններ, որոնք էականորեն տարբերվում են նրանց հրապարակային հռետորաբանությունից։ Ինչ վերաբերում է Հայաստանում ունեցած հանդիպումներին, Գրոնոն նշել է հայկական իշխանությունների կառուցողական մոտեցումը և թշնամության էջը շրջելու ու կայուն ու խաղաղ միջավայր հաստատելու նրանց հստակ պատրաստակամությունը։
Հարցազրույցում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքներին։ «ԵՄ-ն մտադիր չէ նոր բաժանարար գծեր ստեղծել կամ տարածաշրջանում առաջ մղել «թաքնված օրակարգ»», - ընդգծել է Գրոնոն։
«Հայաստանում ԵՄ առաքելությունը բացառապես քաղաքացիական, չզինված առաքելություն է և կշարունակի մնալ այդպիսին», - հայտարարել է նա։
Անդրադառնալով երկկողմ երկխոսության վերջին ձեռքբերումներին՝ Գրոնոն հիշեցրել է 2023թ. դեկտեմբերի 7-ի հայ-ադրբեջանական համատեղ հայտարարության մասին, երբ կողմերը համաձայնության էին եկել COP29 համաժողովի անցկացման և ռազմագերիների փոխանակման շուրջ։ Այն ժամանակ նրանք նաև հայտարարել էին վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շուրջ քննարկումները շարունակելու մտադրության մասին և կոչ արել միջազգային հանրությանը աջակցել իրենց ջանքերին։