Պետական մարմիններից կհանվի 423 ծառայողական ավտոմեքենա. Փաշինյան
Լուսանկարը` 24news.am
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել 52 պետական մարմիններից հետ վերցնել 423 ծառայողական ավտոմեքենա։ Այս մասին հայտարարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կառավարության նիստում։
Ընդունված որոշման համաձայն, ավտոմեքենաները կփոխանցվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Տրանսպորտային միջոցների մեծ մասը կհանվի աճուրդի, մինչդեռ ավելի նոր մեքենաները անհրաժեշտության դեպքում կփոխարինեն պետական համակարգում առկա հին ավտոպարկին։
Վարչապետ Փաշինյանի խոսքով, այս որոշումը հանգեցնելու է երկրում ծառայողական ավտոմեքենաների պատմական նվազագույն քանակի։
«Կարծում եմ, որ մեր երկրի պատմության մեջ երբեք այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա չի եղել։ Սա կարևոր է երկու առումով՝ մենք խրախուսում ենք կառավարման մարմինների ներկայացուցիչներին ավելի շատ շփվել քաղաքացիների հետ, ինչպես նաև ձգտում ենք բյուջետային ծախսերն ավելի արդյունավետ դարձնել», - ընդգծել է կառավարության ղեկավարը։