Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին
Դավոս այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գաբրաշի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։
Վարչապետը բարձր է գնահատել նմանատիպ ծրագրերի դերը երկրի զարգացման գործում և վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունն՝ աջակցելու դրանց արդյունավետ իրականացմանը։
Հատուկ ուշադրություն է դարձվել Գյումրիում Շվեյցարական Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղի հիմնման նախաձեռնությանը։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ այս ծրագիրը մեծ նշանակություն ունի զբոսաշրջության զարգացման, Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացման և ոլորտի գրավչության ավելացման տեսանկյունից։
Ծրագրի իրագործումը կնպաստի հյուրընկալության կառավարման ոլորտում կրթության որակի բարձրացմանը՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետների պատրաստում։
Վահե Գաբրաշը շնորհակալություն է հայտնել վարչապետին աջակցության և համագործակցության համար՝ ընդգծելով, որ շարունակելու է իր ակտիվ ներդրումային գործունեությունը Հայաստանում։ Նա ներկայացրել է ընթացիկ ծրագրերի մանրամասները և խոսել առաջիկա նախաձեռնությունների մասին։