24.01.2025
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստան-ԵՄ անդամակցման նախագծին
prev Նախորդ նորություն

Եվրոպացի խորհրդարանականներին ներկայացվել է խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամները հունվարի 24-ին հանդիպել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունների հետ:


«Հայաստան ենք եկել պատմական ժամանակահատվածում, քանի որ ձեր ժողովուրդն ընտրել է Եվրամիություն տանող ճանապարհը: Կարևոր է, որ Հայաստանում բարելավվեն ստանդարտները, ամրապնդվի քաղհասարակության դերը, իրականացվեն անհրաժեշտ բարեփոխումներ: Մենք պատրաստ ենք խորհրդով, փորձով, դիվանագիտական աշխատանքով և գործնական քայլերով օգնել ձեզ այդ ճանապարհն ավելի դյուրին անցնելու համար»,- ասել է Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան:


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, երախտագիտություն հայտնելով պատվիրակության` Հայաստան այցելելու համար, նշել է` այս այցը ցույց է տալիս, որ նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:


«Կարծում եմ, որ դա նաև հստակ աջակցություն է Հայաստանի քաղաքական դիմակայունությանը»,- ընդգծել է պատգամավորը:


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը բարձր է գնահատել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ պատվիրակության կազմում ընդգրկված երկրների դիրքորոշումը: Արման Եղոյանն արժևորել է «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակում մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը, որը կարևոր է ոչ միայն ֆինանսական, այլ նաև քաղաքական առումով: Խոսելով ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունից` հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ խորհրդում որոշում կկայացվի երկարաձգելու առաքելության մանդատը:


Հանդիպմանը հանձնաժողովների անդամները կարևորել են ինչպես Եվրոպական միության, այնպես էլ անդամ երկրների հետ հարաբերությունների խորացումն ու մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնումը, խոսել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին:


Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները խոսել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին, կարևորել այդ հարցում միջազգային գործընկերների գործուն քայլերը: