23.01.2025
Ադրբեջանցիները Դադիվանքը համարում են ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է
prev Նախորդ նորություն

Որո՞նք ենք ՀՀ արտաքին և ռազմավարական ռիսկերը. Արտաքին հետախուզության ծառայության զեկույցը

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը` հայերեն և անգլերեն։


Զեկույցի ներածության մեջ նշվում է.

Հարավային Կովկասում և դրանից դուրս տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները, գերտերությունների տնտեսական հակազդեցությունների պայքարը, ընթացող հակամարտություններն ու ակտիվ ռազմական գործողությունները պայմանավորել են Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրը։ Մենք ապրում ենք փոխկապակցված ու միաժամանակ բաժանված աշխարհում, և Հայաստանի Հանրապետությունը մաս է կազմում այդ
մեծ պատկերի՝ կրելով թե ռիսկերն ու վտանգները և թե ստեղծվող հնարավորությունները։

2022 թվականից արդեն ավելի քան 1000 օր շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտությունը փոխել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ձևավորված անվտանգային իրավիճակը, ուժերի և ազդեցությունների դասավորվածությունը։

2025 թվականի ընթացքում քիչ հավանական ենք համարում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև կայուն ու երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ այնպիսի լուծումների ձեռքբերումը, որոնք կունենան կենսունակության բավարար մակարդակ։ Դրանով պայմանավորված՝ հատկապես եվրոպական պետությունները և Ռուսաստանի Դաշնությունը կշարունակեն ակտիվ սպառազինման, երկարատև պաշտպանական ու տնտեսական ինքնավարության խորացման քաղաքականությունը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համաս խմբավորման կողմից Իսրայելի դեմ իրականացրած հարձակումը և դրան հաջորդող պատերազմը Գազայում վերափոխեցին Մերձավոր Արևելքում առկա փխրուն ստատուս քվոն։ Հաջորդիվ, Գազայում ընթացող ռազմագործողությունները, դրանց զարգացումը Լիբանանում, Եմենի հութիների ռազմական գործողությունները, Իսրայել-Իրան փոխադարձ հարվածներն ու դրանց կրկնվելու հավանականությունը, ինչպես նաև Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների կողմից Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումն ի ցույց
դրեցին, թե որքան բազմաշերտ են Մերձավոր Արևելքում ստատուս քվոն պայմանավորող գործոնները։

Հակամարտության այս օջախներում զարգացումները հանգեցրին տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարների «ազդեցության գոտիների» փոփոխությունների կամ նորովի բորբոքեցին այդ պայքարը, ինչը վարարման էֆեկտով կարող է նոր իրողություններ ստեղծել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։


Ամբողջական զեկույցը հղումով