Օրերս հայտնի դարձավ, որ «Համահայկական ճակատ» շարժումը ստեղծում է «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժ՝ Ազգ-Բանակ-Եկեղեցի եռամիասնության վրա: Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց, որ ուժը ստեղծվում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի և Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ համատեղ:
Սա, նկատենք, հերթական նախաձեռնությունն է, որով հանդես է գալիս Մոսկվայում ծվարած ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, ընդ որում՝ ակնհայտորեն օգտագործելով Բագրատ սրբազանի օրինակը և փորձելով քաղաքական գործընթացներ ներքաշել մեկ այլ սրբազանի:
Սակայն դա երկար չտևեց. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գրեթե անմիջապես վստահեցրեց, թե որևէ քաղաքական ուժի չի միացել.
«Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ ասել եմ՝ խնդրեմ, սիրով։ Այդքան բան։ Ես որևիցե խորհրդի կազմում չկամ, չեմ կարող լինել, քաղաքականությամբ չեմ զբաղվում»,– հայտարարեց Միքայել սրբազանը՝ վստահեցնելով, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկություն չի ունեցել և չունի։
Երկու օր անց Արշակ Կարապետյանի նախաձեռնությունից հրաժարվեց նաև տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, որի անունը ևս որոշ շրջանակներ կապել էին նոր ձևավորվող ուժի հետ.
«Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին, որ "Համահայկական ճակատ" կուսակցության նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ իր կողմից ձևավորած խորհրդին իբր անդամակցում եմ նաև ես:
Հայտնում եմ, որ դա ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև երբևէ որևէ առնչություն չեմ ունեցել նրա կամ իր ձևավորած կառույցի հետ։ Ավելին, երբևէ չեմ շփվել հիշյալ անձի հետ»,- հայտնել է Մանասերյանը։
Նշենք, որ Արշակ Կարապետյանը, խոսելով նոր ձևավորվող ուժի մասին, հայտարարել էր, որ «Համահայկական միասնական խորհուրդ»-ը նպատակ է որդեգրել Հայաստանի պետականության վերականգնման պայքարի մեկնարկը սկսել հոգևոր առաջնորդութամբ և զորակցությամբ։
«Հայ ազգի, զինվորականների, հոգևորի և ազգայինի միասնությունը մեզ կդարձնի հզոր և պատրաստ՝ ամուր պահելու այն անկախությունը, որը շատ թանկ գնով է ձեռք բերվել։ Այս միասնությունը՝ հոգևոր առաջնորդությամբ, կանգնելու է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանման կողքին։
Վստա՛հ ենք, որ Հայաստանին այսօրվա պարտվողական և խեղճ վիճակից կարող է դուրս բերել ուժի, պատրաստակամության և հոգևորի միաբանությունը»։
Թե որքանով կհաջողի այս ուժը, ցույց կտա ժամանակը, սակայն երբ դեռ մեկնարկին դրանից առնվազն երկու անձ փաստացի հրաժարվում է՝ լավ նշան չէ:
VERELQ-ը հիշեց Մոսկվայում բնակություն հաստատած Արշակ Կարապետյանի անցած ճանապարհը այն պահից սկսած, ինչ ինքը հայտարարեց, որ Հայաստանը հարկավոր է փրկել իր նախկին ղեկավար Փաշինյանից, որի կաբինետում նա նախարար էր, ու այս իշխանություններից:
2023 թվականի հոկտեմբերի սկզբին ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ազդարարեց իր մուտքը մեծ քաղաքականություն: Այս ընթացքում մի շարք կուսակցություններ ու ուժեր հայտարարեցին, որ միանում են Արշակ Կարապետյանին, որոշներն անգամ հուշագիր ստորագրեցին: Այդպես, «Համահայկական ճակատ»-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը, բայց այսօր, ամիսներ անց, այդ համագործակցությունը զրոյացվել է: Իսկ նախկին ՀՀԿ-ական, նախկին ՕԵԿ-ական և մի շարք այլ կուսակցությունների «նախկին» Հովհաննես Շահինյանի անունը անգամ շրջանառվում էր որպես Կարապետյանի նորաստեղծ կուսակցության նախագահի թեկնածու, սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակ, Արշակ Կարապետյանի հետ էլ չստացվեց նրա քաղաքական կարիերան և Շահինյանը տեղափոխվեց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կուսակցություն: Ի դեպ, Պողոսյանն էլ Մոսկվայում է և այնտեղից է քաղաքական «գործունեություն» ծավալում՝ փրկում Հայաստանը:
Նշենք, որ այս ընթացքում հուշագրեր Կարապետյանի հետ ստորագրել են մի շարք հայտնի և անհայտ ուժեր ու ՀԿ-ներ ևս, և ահա նոր հանգրվան:
Մեզ մնում է հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2021-ի նոյեմբերի 15-ին Արշակ Կարապետյանին ազատել է պաշտպանության նախարարի պաշտոնից, քանի որ նա դրա նախորդ օրն իրեն չի զեկուցել, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք, իսկ ,Կարապետյանը, իր հերթին, այս պնդումը սուտ էր որակել:
Հնարավո՞ր է փրկել Հայաստանը, ապրելով դրանից հեռու: Միջազգային պրակտիկայում նման փորձեր, դեպքեր եղել են, բայց դրանք, ինչպես հայտնի է, հաջողությամբ չեն պսկավել: Բայց, ըստ ամենայնի, Արշակ Կարապետյանը բավականին համառ է և գուցե իսկապես հավատում է, որ մի օր կհաջողի...
Լիա Խոջոյան